Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Մենահամերգ

Մոծակի օրը
Սկսվեց տզզոցով,
-Տը՜զզզ, —
Առաջինը
Վստահ չստացվեց.
-Ձայնս նվազ է,
Զրնգոց չունի,
Այնքա՜ն դժբախտ եմ… —
Հուսահատ լացեց:

Այդ պահին ծաղկին
Մի թիթեռ նստեց.
-Տըզզզ…
-Մոծա՞կ:
— Ողջույն, Թիթեռ գեղանի:
— Ինչո՞ւ ես լացում:
-Հույսս կտրել եմ,
Թե ձայնս մի օր
Բեմից կփայլի:

— Մի տխրիր, Մոծա´կ, —
Թիթեռնիկն ասաց.
-Ծաղկի նեկտարով
Ողողում արա:
Տատիկս ասում է՝
Կոկորդի դեղ է,
Անպայման փորձիր,
Ձայնիդ փայլ կտա:

Մոծակը քիթը
Առէջին հպեց
Կում արեց, հետո
Նորից տզտզաց…
Հենց այդ պահին էր.
Դիմացի ճյուղից
Սարդը պարանով
Իջնում էր կամաց:

— Ողջույն, Սարդ քույրիկ:
— Բարի օր, Մոծակ:
— Տըզզոցս ո՞նց է…
— Դե´հ, իմից որ լավ:
Տզզոց-բզզոցի 
Վարպետը դու ես,
Իմը՝ գործելն է,
Այն Էլ՝ անդադար:

Մոծակն արցունքը
Աննկատ սրբեց,
Սարդի խոսքերը
Դարման էին ցավին.
— Համերգիս կգա՞ս, —
Ուրախ տզզացրեց,
Ընտիր երգեր են,
Երկու մե՜ծ բաժին:

Սարդը խոստացավ՝
Համերգին կգա,
Պարանը ձգեց
Ու աչքից կորավ.
Մոծակը նոր
Կում արեց նեկտարից՝
«Այ, հիմա ձայնս
Զիլ կզրգնա»:

Թևիկներն ուղղեց,
Ձգվեց թաթերին,
— Տը՜զզ, — երկար պահեց
Վերևի նոտան…
— Բրավո՜…- թփերից
Առնետը ձայնեց, —
Անզուգական է,
Շքեղ… մոգական…
Տիեզերական
Զիլ զրնգոց է,
Գլուխգործոց է՝
Մոծակավարի,
Թե ինձ հարցնես,
Ես հենց այսօր էլ
Մենահամերգիդ
Սիրով կգայի:

Մոծակը, ճի´շտ է,
Մի քիչ զարմացավ.
Առնետից կարծիք
Չէր էլ հարցրել,
Բայց մինչև այսօր
Իր ձայնի մասին,
Այսքան բոցաշունչ
Գովեստ չէր լսել:

Ի՞նչ եմ վախեցած
Ընկնում դեսուդեն,
Առնետը ասաց՝
«Անզուգակա՜ն է…»:
Մենահամերգի
Աֆիշը տպեմՙ
Բեմից փայլելու
Իսկական ժամն է:

Էլ ո´չ փորձ արեց,
Ո´չ ձայնը հղկեց,
Ո´չ էլ երգերը
Անգիր սովորեց.
«Ինչ որ կա՝ բավ է,
Դեռ մի բան էլ շատ»,
Կկվի մոտ թռավ ու
Ու աֆիշ տպեց:


Յոթն անց կես արդեն
Հյուրերն եկել էին:
Մոծակը հպարտ
Բերանը բացեց.
Առաջին երգին
Ծափերը խեղճ էին,
Երկրորդին՝ Սարդը
Երկար հորանջեց:
Մոծակը սկսեց
Երրորդ մեղեդին.
Երգի կեսից՝ քը´րթ,
Ձայնը կտրվեց…
Աջուձախ նայեց,
Փորձ արեց կրկին,
Բայց այս անգամ էլ
Ոչինչ չստացվեց:

Հանդիսատեսը
Շատ արագ ցրվեց,
Հենց առաջինը
Ծլկեց Առնետը:
Միայն Թիթեռը
Թևեց ընդառաջ.
— Կազդուրվիր,
Մինչև մյուս համերգը:


Մոծակը լացեց
Մինչև լուսաբաց,
Յոթ օր չերևաց
Կանաչ պարտեզում,
Ու այդ օրվանից
Մեն ու միայնակ՝
Մութ գիշերում է
Տխուր տզզացնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով