Ազատուհի Սերոբյան, Մանկագրություն

Թռչող Իշուկը

Անտառի խորքերում իր երամակի հետ ապրում էր փոքրիկ Իշուկը։ Այս երամակը անտառից երբեք դուրս չէր եկել։ Իշուկին բոլորը սիրում էին, բայց նա տխուր էր ու թախծոտ, նրան միշտ ինչ-որ բան պակասում էր, բայց ի՞նչ` չգիտեր։ Սիրում էր իր տունն ու անտառը, բայց անտառը երբեմն ձանձրալի էր դառնում։ Երազում էր դուրս գալ անտառից և տեսնել, թե ծառերից այն կողմ ինչ կա։ Բայց անտառը անծայրածիր էր, միայնակ չէր համարձակվում շատ հեռու գնալ, երբ խնդրում էր ընկերներին, որ միասին գնան, նրանք սկսում էին ծաղրել ու խենթուկի տեղ դնել Իշուկին։

 Մի օր Իշուկը փորձեց զրուցել Ճնճղուկի հետ, բայց Ճնճղուկը վախեցավ ու թռավ։ Հետո նորից տեսավ Ճնճղուկին կաղնու ճյուղին նստած, այս անգամ շատ չմոտեցավ, որ չվախեցնի թռչնակին ու հեռվից փորձեց խոսակցություն սկսել․ շատ չանցած Ճնճղուկն ու Իշուկը ընկերացան։ Ճնճղուկը Իշուկին պատմեց բարձր սարերի, քաղաքների ու գյուղերի մասին, ծովերի ու ժայռերից թափվող ջրվեժների, մարդկանց մասին պատմեց։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր Իշուկի համար, ու նա երազում էր տեսնել այդ վայրերը։ Մի օր էլ չդիմացավ ու Ճնճղուկից լսածը պատմեց մորը և ասաց, որ ուզում է գնալ ու տեսնել աշխարհը։

-Ի՞նչ աշխարհ, աշխարհն այս անտառն է, ու բացի այս անտառից ուրիշ աշխարհ էլ չկա։

-Բայց, բայց Ճնճղուկն ասում է…

-Ի՞նչ Ճնճղուկ, դու ընկել ես այդ թռչնակի խելքին ու հավատո՞ւմ ես ինչ-որ մի ծվծվանի, չէ՞ որ դու ազնվացեղ Իշուկ ես ու պետք է քեզ իշավարի պահես։ Գնա՛, գնա հորդ օգնիր, ժամանակն է արդեն, որ մեծանաս։

 Իշուկը տխուր գնաց հոր մոտ։

-Պա՜պ, պա՜պ, ինչի՞ց է, որ թռչունները թռչում են, իսկ էշերը՝ ոչ։

 -Ի՞նչ էլ բան գտար հարցնելու, այդ էր պակաս, որ մի հատ էլ թռչեինք։ Իրենք պետք է մեզանից քայլել սովորեն։

Իսկ Իշուկը ճախրել էր ուզում։ Մարդկանց էր ուզում տեսնել, ժայռերն ու ձորերն էր ուզում տեսնել։

 Ու մի օր Իշուկը փորձեց թռչել, մի քիչ վեր բարձրացավ ու այնքան ուրախացավ, որ քնից վեր թռավ․ «Ա՜խ, երազ էր, ափսո՜ս»։- Քիչ էր մնում լաց լիներ, ախր այնքան լավ էր բարձրում։ Դրանից հետո հաճախ էր երազ տեսնում, որ ճախրում է թռչնի պես, ու մի օր էլ երազով տարված հեռացավ երամակից, նայեց՝ հո ոչ ոք իրեն չի՞ տեսնում, ու փորձեց թռչել․ չէ՞ որ երազում լավ էլ թռչում էր։ Ոտքերը թափահարելով ցատկոտում էր, դունչը երկինք պարզած թափահարում, բայց ոչինչ չէր ստացվում։ Երկար փորձեց․ ամեն անգամ ինչ-որ մի տեղը ծառերին խփելով՝ վնասվածքներ էր ստանում, բայց միևնույն է, այդ մտքից չէր հրաժարվում։ Մի օր էլ Ճնճղուկին ասաց, որ ինքն էլ է ուզում թռչել ու դուրս գալ այս անտառից, աշխարհը տեսնել։ Ճնճղուկը մի լավ ծիծաղեց․

-Ո՞վ է տեսել, որ դանդալոշ մի Իշուկ թռչի, ախր դու նույնիսկ թևեր չունես։

 Իշուկը նախ վիրավորվեց, հետո անճարությունից սկսեց լաց լինել։ Ճնճղուկը զգաց, որ նեղացրել է Իշուկին ու մեղքը քավելու համար որոշեց նրան թռչել սովորեցնել։

 -Լա՛վ, հերիք լաց լինես, արի՛, ես քեզ թռչել կսովորեցնեմ, չէ՞ որ մենք ընկերներ ենք։ Իշուկը ուրախացած սկսեց թռչկոտել։

 -Սպասի՛ր, այդպես պետք չէ անել, հանգստացիր, ոտքերով գետինը ծեծել պետք չէ, դու պետք է ուղղակի բացես թևերդ ու ոտքերդ գետնից կտրելով, հո՛պ՝ բարձրանաս վեր։

  Իշուկը նորից սկսեց ցատկոտել, Ճնճղուկը վախեցավ, որ հիմա ոտքերը կկոտրի ու ասաց․

-Լսի՛ր, դու հանգիստ կանգնում ես, ցատկոտել պետք չէ, բացում ես թևերդ, նայիր՝ ա՜յ այսպես։

-Ախր ես թևեր չունեմ, — նորից տխրեց Իշուկը։

-Իսկ դու պատկերացրու, որ ունես, այո, այո, պատկերացրու, որ ունես։ Փակիր աչքերդ, որ ավելի հեշտ պատկերացնես։

Այսպես ամեն օր Իշուկը վարժանքներ էր անում, երբեմն միայնակ, երբեմն Ճնճղուկի հետ, իսկ գիշերները երազում Ճնճղուկի հետ ճախրում էին հեռո՜ւ-հեռո՜ւ։

Շատ չանցած՝ Իշուկի մեջքը սկսեց հաճախակի ցավել, բայց նա այդ մասին ոչ ոքի չէր ասում։ Միայն պատկերացնում էր, թե ինչպես է թևերը լայն բացում, ինչքան հնարավոր է՝ լայն, ու համառորեն հրաժարվում էր ցավը զգալ, միայն թևերը բացելու մասին էր մտածում։ Ինչքան շատ էր մտածում, ցավն այնքան ավելի էր սաստկանում։ Մի օր էլ վարժանքի պահին այնքան կենտրոնացավ թռիչքի վրա, որ, իրոք, բացվեցին թևերը, ու մեջքի ցավն էլ այնքան ուժեղ էր, որ ուշաթափվեց։ Ճնճղուկը վախեցած ու զարմացած այս ու այն կողմ էր թռչկոտում։ Չգիտեր՝ ի՞նչ անել, Իշուկի մեջքից մի մեծ մաս առանձնացել ու կախ էր ընկել։

-Իշո՜ւկ, Իշո՜ւկս, ի՞նչ եղավ քեզ, ի՞նչ անեմ հիմա ես, Իշո՜ւկ…

Իշուկը բացեց աչքերը, նորից անտեսելով ցավը՝ բացեց թևերը, այս անգամ ոչ թե երևակայական, այլ իրական։

— Թևերս բացեցի՜,- գլուխը բարձր ու ձիգ պահած՝ հրճվագին բացականչեց Իշուկը, իսկ աչքերից արցունքներ էին գլորվում։ -Իսկ դու ասում էիր՝ թևեր չունես, Ճնճղուկ, տես՝ ինչ մեծ ու գեղեցիկ են։

Իշուկը սկսեց թաքնվել իր երամակից, ամաչում ու վախենում էր ծնողների մոտ գնալ։ Մինչ ծնողները փնտրում էին իրենց տղային ու չէին գտնում, մեր Իշուկն արդեն թռչել սովորեց։ Ու մի օր էլ ճախրելով հեռացավ անտառից, տեսավ սարերն ու ձորերը, քաղաքներն ու գյուղերը, մարդկանց տեսավ…

Գետի ափին մի մեծ տաք քար կար, այդ քարին մի տղա նստած գիրք էր կարդում։ Տղան մեր Իշուկին շատ դուր եկավ։ Նա մոտեցավ տղային, տղան էլ Իշուկին շատ սիրեց։ Ընկերացան, մտերմացան, բայց տղան Իշուկին չգիտես ինչու հրեղեն ձի էր անվանում։ Իշուկը նեղվում էր ու ասում, որ ինքը ազնվական, հազվադեպ հանդիպող ավանակ է։

-Այո՛, ազնվական, հազվադեպ հանդիպող հրեղեն ձի՛,- ասում էր տղան ու Իշուկին ցույց էր տալիս գրքի մեջ հրեղեն ձիու նկարը, որը իրոք շատ նման էր մեր Իշուկին։ Տղան Հրեղեն ձիերի մասին շատ բաներ պատմեց, էշերի ու ձիերի ցույց տվեց, ու մեր Իշուկը համոզվեց, որ ինքը հրեղեն ձի է։

Մի օր էլ Իշուկը շատ կարոտեց իր երամակը, հրաժեշտ տվեց տղային, ասաց, որ էլի կգա ու թռավ դեպի անտառը։ Գնաց գտավ իր հարազատներին ,որոնք նրան հազիվ ճանաչեցին, ու թևերին նայելով կարծում էին, թե Իշուկը հիվանդ է։ Իշուկը ժպտաց ու պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ, պատմեց, որ անտառից բացի ուրիշ աշխարհ էլ կա, ու այն կազմված է բազմաթի՜վ այլ աշխարհներից, տղայի մասին պատմեց, տղայի պատմածներն ու Հրեղեն ձիու մասին պատմեց։

Մի ծեր ավանակ հիշեց, որ երբ ինքը դեռ երեխա էր, մի խելագար հարևան ունեին, ով ամեն անգամ, երբ երամակում նոր ձագուկ է ծնվում, հարձակվում էր սրա-նրա վրա ու արգելում, որ նորածնի թևերը կապեն։

 -Ուրեմն նա այնքա՞ն էլ խելագար չէր, ախր ամեն անգամ գոռում էր․ «Զարթնե՛ք, Հրեղե՛ն ձիեր, ձագերի թևերը մի՛ կապեք, մեր առավելությունը մեր մեջքին բեռ մի՛ արեք, Հրեղեն ձիուց էշ մի՛ սարքեք»։

 Իշուկը հասկացավ իր թևերի գաղտնիքը, իմացավ, որ չգիտես որտեղից մի հիմար սովորություն է տարածվել իրենց մեջ, որ նորածնի թևերը ամուր կապում են մեջքին, որն էլ ժամանակի ընթացքում կպչում, մեջքի մաս է դառնում, ու դրա պատճառով  իրենց ինքնությունը կորցրել, իրենք իրենց էշ են կարծել։ Ինչո՞ւ էին կապում, ո՞վ էր իրենց նման բան սովորեցրել, ինչի՞ էր դա պետք, այդպես էլ չկարողացան հասկանալ։ Մտածում, մտածում էին, բայց սովորույթի համաձայն, կարծես հիպնոսացած կապում ու նորից կապում էին ձագուկների թևերը։ Ու միայն երազել սիրող ամենահամառն էր կարողանում օրերից մի օր քանդել կապանքները և թևածել այլ աշխարհներում։ Ու հենց այդ պատճառով էլ Հրեղեն ձիերը շատ հազվադեպ են պատահում։

-Մի՛ կապեք, մի կապե՜ք ձեր ձագուկների թևերը, թողեք՝ թո՛ղ ճախրեն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով