Մանկագրություն, Նանե

Հույսի Վերադարձը

Հույսը հուսահատության մեջ էր՝ նրա ճոխ երկնաթույր հագուստի փոթ-փոթ փեշերը պատառոտված՝ ծվեն-ծվեն կախ էին ընկել: Նա՝ արցունքն աչքերին ու շուրթը խռով կախած, գնաց հեռվում ապրող ծանոթ դերձակի մոտ:

-Այ, այ, այ,- գլուխն օրորեց դերձակը, այս ի՞նչ վիճակ է:

Իսկ հույսն ասես հենց դրան էր սպասում ու մխիթարող  մեկի գտած՝ սկսեց լաց լինել, պատմել գլխին եկածը.

-Բախտս չի բերել, իմ բոլոր քույրերը նորմալ քաղաքներում, գյուղերում են իրենց գործն անում և լավ էլ հարգված են. միայն ես այնպիսի մի գյուղում եմ, որտեղ մարդիկ ասես որջերից նոր դուրս եկած գազաններ լինեն. Նրանք իրենց մեղքերով ամեն բան փչացնում են, հետո կպչում ինձնից, փեշերս քաշքշում… ո՞ւր է… ե՞րբ է լավ լինելու… ճչում են, պահանջում: Հա՜ ասա, որ համբերություն է պետք, խաղաղություն է պետք, սեր է պետք. Էլ հավատի մասին չեմ խոսում: Բայց ո՞ւմ ես ասում: Ես էլ թողեցի ու փախա: Քիչ էլ մնայի՝ այս ցնցոտին էլ վրաս թողած չէին լինի:

-Այ քեզ բան. Այս ի՞նչ ժամանակներ են… Հիմա ի՞նչ անենք. Նոր զգեստ կարել չեմ կարող, որովհետև երկնագույն կտոր չունեմ. ինքդ ես տեսնում՝ աշուն է, իսկ երկնագույն ծաղիկները, որոնց թերթիկները հրաշալի նյութ են զգեստի համար, գարնանն են լինում: Այլ ելք չկա, մնում է միայն կարկատել ու նորոգել պատառոտվածը: Բայց դա երկար կտևի. Կարո՞ղ ես այդքան սպասել:

-Ոչինչ, ես կսպասեմ. Մեկ է՝ այս տեսքով ոչ մի տեղ գնալ չեմ կարող: Իսկ երբ վերջացնես, մայրիկիս կխնդրեմ ինձ որևէ այլ տեղ ուղարկել: Այն գյուղ այլևս չեմ վերադառնա:

Իսկ այդ ժամանակ գյուղում, որտեղից Հույսը փախել էր, մարդիկ լրիվ կորցրել էին գլուխները, որովհետև մինչ այդ էլ Լույսն էր գլխապատառ փախել նրանցից: Չնայած դա ասես նաև նրանց սրտով էր՝ ոչ իրենց մերկությունն էին տեսնում, ոչ օր-օրի չարությունից այլակերպվող դեմքերը, իսկ հանցանքներն ու վատ արարքներն էլ մթության մեջ ավելի հարմար էր տեղը տեղին հաջողացնելն ու թաքցնելը… Բայց… նրանք էլ մարդ էին ու… երջանկություն էին ուզում, իսկական սիրո ջերմություն էին ուզում. Երբ մենակ էին մնում, մի բան ներսից ասես ճանկռում էր, ցավեցնում հոգիները:

Առաջ գոնե Հույսը կար, ու նրա մոտ էին գնում, խնդրում, պահանջում՝ ե՞րբ է լավ լինելու, ե՞րբ ես տալու այս ու այն… Ու թեթևացած անցնում էին իրենց գործին՝ հավատալով, որ այսօր չէ, վաղն ավելի լավ կլինի:

Իսկ հիմա նրանք իրենց պատեպատ էին տալիս, ավելի շատ մեկմեկու վիրավորում, հայհոյում՝ «Դո՛ւ ես մեղավոր, որ Հույսը գնաց, դու նրան ամենաշատն էիր կպչում»,  «Ոչ, դո՛ւ ես մեղավոր»:

Ու եթե մինչ այդ երբեմն-երբեմն տխրում էին, հիմա բոլորը հիվանդացան ընկճախտ կոչվող ինչ-որ սարսափելի հիվանդությամբ:

Շատերը, դրան չդիմանալով, ինքնասպան էին լինում, մյուսները փակվում էին ամենահեռու, ամենախուլ անկյուններում ու դուրս չէին գալիս:

Հիմա արդեն հարստություն, զվարճանքներ աչքներին չէր գալիս: Մի խոսքով, վիճակը սարսափելի էր:

Եվ մի օր, քիչ թե շատ խելացիները հավաքվեցին, գլուխ-գլխի տվեցին և գյուղը փրկելու համար որոշեցին գտնել ու վերադարձնել Հույսին:

-Բայց նա շատ է վիրավորված ու խռոված մեզնից:

-Այո, մենք նրա հետ լավ չվարվեցինք:

-Հիշո՞ւմ եք՝ նա ասում էր, որ մենք ենք մեր բախտի տերը:

-Այո, ճիշտ է, ասում էր. որքան սխալ ու մեղավոր արարք ենք գործում, այնքան նա հեռանում է մեզանից:

-Եվ որ ինքը մեղավոր չէ դրանում:

-Ասում էր՝ առանց հոգիներում լույս վառելու իսկական արևածագ չի բացվի: Իսկ իրեն արև և արևածագ է պետք, թե չէ, երկար տևող խավարում ապրել չի կարող:

-Ինչպես և մենք:

-Ասում էր…

-Աաաա, ես հասկացա,- հանկարծ կանչեց մեկը,- նախ արևածագ է պետք, գոնե մի քիչ լույս, որ Հույսը մեզ ների ու հետ գա:

-Ուրեմն նախ մեր հոգիներում պետք է լույսեր վառենք:

-Կարծում ես կստացվի՞,-հարցրեց ամենատարեցն ու ամենաթերահավատը:

-Իհարկե, չե՞ք տեսնում, ինչ հավաքվել ենք այստեղ, արդեն ամեն մեկիս մեջ քիչ թե շատ լույսի շողեր են երևում:

-Որովհետև Լույսից էինք խոսում…

-Բարությունից ու ներումից…

-Որովհետև…

Դե իհարկե, Հույսը վերադարձավ նրանց մոտ, քանի որ, նրան երկար փնտրելու ընթացքում, բնակիչները շատ էին փոխվել, և այնտեղ խավար միայն գիշերներն էր լինում, այն էլ՝ գյուղի վրա խաղաղություն, հանգիստ քուն և պայծառ երազներ սփռելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով