Հեքիա՞թ, թե՞ երազ
-Տա´տ,- կանչեց Նարեն,
— Քունս չի տանում,
Մենակ թե չասես՝
Գառները հաշվիր:
Արդեն հարյուր գառ
Սարերում գտա,
Հետո մեկ առ մեկ
Ծառից իջեցրի:
Որին՝ ջուր տվի,
Որին՝ կանաչ խոտ,
Անդադար մեկն էլ
Կեսճամփից փախավ:
Հազիվ «խելոքին»
Գտա էս մթին,
Խաթրով-խաբելով՝
Մի կերպ գոմ մտավ:
Իրենք քնեցինՙ
Ես արթուն եմ դեռ,
Քունս չի տանում,
Տատի´, ի՞նչ անեմ:
— Քո փորացավը
Հեքիաթ կլինի, —
Տատիկը ժպտաց
Ու նստեց մոտիկ.
— էդպես հեքիաթ կա՞,
Որ դեռ չես լսել,
Իմ պայծառ բալիկ,
Իմ նռան հատիկ:
— Տատ ջան, դու մենակ
Իմ կողքին նստիր,
Հոգնած կլինես
Օրվա գործերից,
Միշտ դու ես գունեղ
Հեքիաթներ պատմում,
Էսօր ես պատմեմ
Իմ իմացածից:
Բարի հեքիաթ է.
Աղջկա մասին,
Որ սովորում է
Երազ նկարել:
— Անունն աղջկա
Նարե կլինի, —
Տատն ավելացրեց.
— Քեզ էլ նման է…
— Հա՜, — Նարեն ձեռքը
Օդում երկարեց,
Իբր գծում է
Երազի ճամփան:
— Փոքրիկ աղջիկ է,
Նարե անունով,
Իմ տարիքին է,
Ի՜նչ էլ իմացար…
Քո հեքիաթներն էլ
Լավն են, տատի ջան,
Բայց որ ճիշտն ասեմ՝
Խղճում եմ գայլին.
Կամ չլմփում է
Եռացող կաթսան,
Կամ որսորդներ են
Պատահում ճամփին:
Տա´տ, ինձ թվում է,
Գայլը սոված էր,
Ուղղակի բախտը
Էլի չբերեց,
Ա´յ, եթե ինքն էլ
տատիկ ունենար,
Հաստատ ամեն բան
Այլ կերպ կլիներ:
Գայլի տատիկը
Գաթա կթխեր,
Գուլպա կգործեր
Գայլուկի համար,
Իսկ երբ թոռնիկի
Քունը չտաներ,
Հեքիաթ կպատմեր,
Անպայման՝ երկար….
— Ա´յ դու չաչանակ, —
Տատին ծիծաղեց.
— Երկու հեքիաթը
Մեկում ես պատմում:
Երազդ եկել,
Սպասում է շեմին:
Տե´ս, պատուհանից
Աչքով է անում:
Աշտարակ
Արփին պինդ քայլով մտավ խոհանոց
Ու կաթսաների դարակը բացեց,
Ինչ-որ կար-չկար դատարկեց գետնին
Ու կաթսաներով աշտարակ շարեց:
Հետո գոհ, հպարտ իր արած գործից՝
Նստեց, կողքին էլ մի մեծ թաս գիլաս,
Մինչ մայրը կգար հյուրասենյակից,
Մի թաս գիլասից կորիզը մնաց:
Շերտավոր գաթա
Ժրաջան Մանեն
Տատին հավասար
Խմոր է բացում
Փոքրիկ գրտնակով,
-Տա´տ, խորիզի մեջ
«Էմ-էնդ-էմս» լցնե՞նք,
Որ գաթան լինի
ավելի համով: