ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Հիշողության արկղից

Այս սենյակից հիշողության հոտ է գալիս,

Դրվագներ են գնում-գալիս աչքիս առաջ։

Սրտիս դողն է ճիչ արձակում հոգուս առաջ։

Այս սենյակից հիշողության հոտ է գալիս։

Մանկությունն է չոքել հիմա աչքիս առաջ,

Ու շղթայում է իմ անսանձ հոգին։

Նորից պատերն են միայն իմ կողքին։

Մանկությունն է չոքել հիմա աչքիս առաջ։

Ինձ վերից միայն՝ արցունքոտ աչքեր ու մեկ էլ սառը ձեռքեր տրվեցին։

Ես փոքր էի դեռ , ժպիտը դեմքիս, ծիծաղն աչքերիս այն ընդունեցի,

Բայց հուշերիս հետ այն թաղել երբեք ես չփորձեցի։

Ինձ վերից միայն՝ արցունքոտ աչքեր ու մեկ էլ սառը ձեռքեր տրվեցին։

Դարձյալ օրերս հուշեր են խնկում ,

Իմ անթթվածին տարածության մեջ։

Իմ արցունքբեր այս բառերի մեջ,

Դարձյալ օրերս հուշեր են խնկում։

Պատերին հպվեմ՝ աչքերս փակած,

Ինձ մանուկ զգամ մեր տան անկյունում։

Թող որ վազվզեմ էն հին սենյակում ,

Պատերին հպվեմ՝ աչքերս փակած։

Տատիս հետ էլի գնանք մեր այգի,

Ես ձեռքիս շիշը ամուր թող բռնեմ,

Զարմացած նրան շարժին հետևեմ։

Տատիս հետ էլի գնանք մեր այգի։

Օձը կանգնած էր գլխավերևում, իսկ օգնությունը դեռ ուշանում էր։

Որբի լացի ձայնն իմ ականջներում էլ չէր խլանում։

Մորս ձայնով էր այդ երգը հնչում հոգուս անկյունում։

Օձը կանգնած էր գլխավերևում , իսկ օգնությունը դեռ ուշանում էր։

Տանս դուռն էր փակ, չէր բուրում այնտեղ մանկական հոտս,

Ոտնահետքերս հեռացել էին այդտեղից վաղուց,

Հիշում եմ անգամ այդ վերջին պահին՝ ինձ հեռանալուց։

Տանս դուռն էր փակ, չէր բուրում այնտեղ մանկական հոտս։

Այս սենյակից հիշողության հոտ է գալիս,

Դրվագներ են գնում-գալիս աչքիս առաջ։

Սրտիս դողն է ճիչ արձակում հոգուս առաջ։

Այս սենյակից հիշողության հոտ է գալիս։

Երկրաշարժ

Իմ քաղաքի ցավի մասին լուռ են հիշում,

Լուռ են հիշում աղմուկի հետքն ավերակիչ։

Անիծվածը ծեր ու մանուկ չէր ճանաչում,

Խիղճ էլ չուներ իր հոգու մեջ, գոնե՝ մի քիչ։

Սպիտակել էր Սպիտակս. դեկտեմբեր էր,

Թեպետ՝ օրն այդ խաղաղություն չէր խոստանում։

Հետո հողը պիտի իր հետ բոթը բերեր,

Հզոր քաղաքս այլևս պիտի հիշվեր երազում։

Փլվեց ամեն ինչ. շենքեր՝ մեկ առ մեկ,

Չէր լռում մարդկային ցավի ճիչը։

Չեկած տասներկուս,անց քառասունմեկ,

Իր գործն սկսեց նենգ ավերիչը։

Շենքերի փոշին երկինք էր հասել,

Ու մթագնել էր օրը արևոտ։

Բոլորի ցավը ամբողջ էր դարձել,

Կիսավել էին հուշերը մեղրոտ։

Հինգեր ստացած աշակերտը այն,

Որ շատ էր ուզում մորն ուրախացնել,

Նստած էր անշարժ, աչքը բացած լայն…

Չկար փոքրիկը, սև արհավիրքին զոհ էր գնացել։

Աչքս չի տեսել ծաղկուն օրերդ, ականջս է լսել…

Պայծառ անցյալիդ եռուզեռի մեջ իմ հետքը չկա։

Գործարաններիդ բարձր կանչերն էլ երբեք չեմ լսել,

Բայց դու իմացիր, որ քո անցյալից ներկայում ապրող մի խելագար կա։

Որ վերելքներդ դեռ պիտի երգի,

Քեզ պիտի տեսնի քո նախկին տեսքով։

Ու ժպիտներդ կրկնապատկի,

Շտկի քո մեջքը ցանկացած ջանքով։

Սուգը հագել էր սև մշուշի քող,

Ծածկել էր հավերժ ծաղկուն քաղաքս։

Ճիշտ է՝ լոկ ցավն է ցավին հասակցող,

Բայց թող ցավ չզգա էլ Սպիտակս։

Թռիչք ժամանակի միջով

Ժամսլաքները հետ են պտտվում բարձր աղմուկով,

Օրացույցերի խառը նիշերով դեսուդեն ընկնում։

Չեմ էլ հասկանում՝ բնականի՞ց է, թե՞ մեկի ձեռքով,

Ժամերն անցնում են ու իրար երբեք էլ չեն հանդիպում։

Թե հուշերն են այս խելագարության հիմնապատճառը,

Ապա ես դուրս եմ տարածությունից։

Եվ խղճալի չէ՞, արդյոք, այն բառը,

Որ կախում ունի տառաքանակից։

Համենայն դեպս ժամսլաքները մի պատճառ ունեն հետ պտտվելու,

Ու պտտվում են հիշողությանը միայն ընդառաջ։

Դրա համար էլ գալիս են առանց հրավիրվելու,

Բաց էլ չեն թողնում մինչև չծնկես ինքդ քո առաջ։

Ու բոլորս էլ դրանից հետո դատարկ մարմին ենք միայն մեզ զգում։

Եվ կիսափուչ են, ցրված են անչափ մտքերն այդ մարմնի։

Մարմինդ մտած դատարկությունը, հավատա ընկեր, երբեք չի անցնում։

Սուտ չէ ասվածը՝ ինչ որ մերն է ,երբեք չի լքի…

Ափսոս, որ այսքան անպետքն է մերը։

Անպետքն է հպարտ կարևորներից։

Եվ խղճալի չէ՞, արդյոք, այն ստվերը,

Որ կախում ունի դեղին արևից։

Ու կարևոր է  անպետքից զատել անբացատրելի կարևորություն.

Մենք մեր անցյալին պարտք ենք մնացել մի չարդարացված բացակայություն…

Հայի ճակատը սևագիր դարձավ ազգերի ձեռքին,

Դժվար կարդացվող, անփույթ ձեռագրով։

Փակվեց մութ ճամփեն, որ իր հետ տարավ էն լույս տղերքին,

Ու հողը՝ մի բուռ, ստորագրվեց մաքուր արյունով։

Ողբաց մի ողջ ազգ թաց անձրևի հետ,

Թվաց, թե սա է մեր դատաստանը,

Բայց Աստծո աջը միշտ մնաց մեզ հետ,

Դեռ չէր որբացել իմ Հայաստանը։

Ու եկեղեցում այն ռմբակոծվող,

Հայն էր, որ առանց մի գրամ վախի,

Սիրած աղջկա մատին դողացող,

Մատանի դրեց խաչով արծաթի։

Իսկ կրակն Աստծո մի սև պատիժ էր,

Որ անզուսպ թափով ավերում էր դեռ։

Խավար աշխարհի թունոտ այն իժն էր,

Որ իր թույնով էր ճարճատում անեռ։

Կռիվ գնալիս երգ է մրմնջում,

Իսկ քեֆի ժամին հոգսերն է հիշում։

Ու սիրտ չէր անում խրճիթը այրել,

Երեկ դժգոհ էր, որ հացն է պակսել։

Ունակ է անգամ  կոկորդդ պատռել,

Եթե փորձ անես նրան խղճալու

Նա դեռ քայլում է ու դեռ չի գժվել,

Դեռ չի սպառվել ուժն արարելու։

Ախր հայ է նա, մի տեսակ հայի ,

Իր խորաթափանց հայացքով ճկուն,

Որ դեռ պիտի լույս կերոնը վառի,

Ու հանի գլխից սև պսակն անշուք։

Գայանե Լամբարյան
Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով