Ականջօղ
Գայանեն հագավ
Նոր շրջազգեստը
Ու շորորալով
Դիմեց հայելուն.
— Վա՜յ, էս ինչ անուշ,
Սիրուն աղջիկ է,
Ականջօղերն են
Միայն պակասում:
Առաջին սեր (Ա՜խ, Թամար)
Մանկապարտեզից տուն գալու ճամփին
Աշոտիկը լուռ, գլուխը կախ էր,
Ոչ առաջվա պես զվարթ երգում էր,
Ոչ էլ կոնֆետ էր պահանջում համեղ:
— Բալիկ ջան, հո քեզ բան չի՞ պատահել, —
Մայրը անհանգիստ նայեց աչքերին,
— Մամ, մինչև բակից բարձրացա վերև,
Վահանը նստեց Թամարի կողքին:
Արևածագ
(շուտասելուկ)
Արևն Արեգին
Բարև ասելիս
Իր շողիկներով
Խուտուտ է տալիս:
Արեգն Արևի
Բարևից ժպտուն
Արև է դառնում
Մայրիկի գրկում:
Անուլի տարեդարձը
Գոհարիկն այսօր շատ անհանգիստ է՝
Տիկնիկը դարձավ երկու տարեկան.
— Մամ, դեռ այնքա՜ն բան պիտի հասցնեմ,
Ուղիղ մի ժամից հյուրերը կգան:
Դու փուչիկները կփչե՞ս, մամ ջան,
Մինչև ես տորթի մոմերը շարեմ,
Խնձորով աղցանն արդեն պատրաստ է,
Մնում է նռով սիրուն զարդարեմ:
Հետո Անուլին արագ լողացնեմ,
Մազերին կապույտ ժապավեն կապեմ…
Ուղիղ մի ժամից հյուրերը կգան,
Մամ, դեռ այնքա՜ն բան պիտի հասցնեմ:
Ոչ մի կնճիռ
Սոֆին վարունգը
Կեղևից մաքրեց,
Շերտ առ շերտ շարեց
Տիկնիկի դեմքին։
-Բա ես կթողնե՞մ,
Որ ինչ-որ կնճիռ
Փորձի մոտիկ գալ
Իմ Անուշիկին:
Գյուտարար Արայիկը
Արայիկը ամբողջ մի օր
Տանջվեց. քանդեց հավաքեց։
Իր երկանիվ հեծանիվը
Միանիվի վերածեց: