ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Լռություն

Լռություն բառն ինձ համար ունի տարբեր նշանակություն՝ լռություն շրջապատում, լռություն հոգում և լռություն մտքերում։

Ես շատ եմ սիրում լուռ միջավայր, սակայն ոչ միշտ եմ հանդիպում, քանզի ունեմ աղմկոտ դասընկերներ և աղմկոտ եղբայր։ Ինչպես ասում են՝ երկար ժամանակ լռության մեջ գտնվելու դեպքում աղմուկի ցանկություն է առաջանում, ցավոք՝ ես այդպիսին չեմ։ Լուռ ժամանակ կարողանում եմ հավաքել իմ մտքերը, հասկանալ, թե ո՞րն է իմ նպատակը, ի՞նչ եմ ուզում ես այս կյանքից։ Լռությունը մի հզոր զենք է, որով կարելի է լուծել բազմաթիվ խնդիրներ։ Լռությունը հոգու ձայնն է, հոգու ճիչը, որն անհնար է արտաբերել բերանով։ Ուզում եմ լռությունն ինձ տանի հեռու, որտեղ ինձ ոչ ոք չի նկատի, ուր կլինեմ մենակ, ու լռությունն հոգիս կբուժի, կհավաքի ջարդած սրտի փշուրները և կմիացնի իրար, նորից նոր սիրտ կստեղծի, բայց անցյալի սպիները երբեք չեն մոռացվի։ Վերջին ժամանակներում սկսել եմ ավելի շատ սիրել լռությունը։ Լռությունը հզոր ձայներ է արձագանքում, որոնք պայթեցնում են ոչ ականջները՝ այլ սիրտը։ Լռությունը ավելի ուժեղ է խոսքերից, քանի որ խոսել կարող են բոլորը, իսկ լռել՝ քչերը։

Լռությունն իմ լավագույն ընկերն է, և այս ամենից հոգնած․ ես միայն լռություն եմ ուզում։ Ուզում եմ մենակ մնալ մտքերիս հետ, չնայած, որ բառերը կանգնել են կոկորդիս ու խեղդում են, ուզում են խախտել ինձ հարազատ դարձած լռությունն ու հանգիստը։

Չկա ավելի գեղեցիկ բան, քան լռությունը։ Երբեմն լռությունն ավելի թանկ արժե, քան անմիտ խոսքը։ Գնահատե՛ք այն և փորձեք նրա մեջ գտնել ինքներդ ձեզ, ձեր սեփական հոգին․․․

      Մարիա Բախշյան

Երևանի թիվ 195 ավագ  դպրոց, 8-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով