Մանկագրություն, Օլգա Դարյան

Բարի լույս, իմ Երևան

Երգեց թռչունն առավոտյան․
-Բարի լու՜յս, իմ Երևա՜ն,
Արևն հետո շողը գցեց․
-Բարի օ՜ր, իմ Երևա՜ն,
-Երեկո՜ բարի,- ասաց
Մթնշաղը քաղաքին,
-Բարի գիշե՜ր, Երևա՜ն,-
Լուսինն ասաց մեղմագին․․․
-Բարի գիշե՜ր, բարի քու՜ն,-
Ժպտաց Լուսինը, ցոլա՜ց,-
Ես՝ թագուհիս գիշերվա,
Մաղթում եմ քեզ լուսաբաց․․․

Բարի լու՜յս, ի՛մ  Երևան։

Ընտանիք

Ինչ մե՜ծ է իմ ընտանիքը․
հայրս, մայրս ու քույրիկը,
տատս, պապս, անգամ ձին,
որ դրված է իմ կողքին․․․
Թեև փափուկ է, անշունչ,
բայց դե սիրել եմ մանկուց,
հոգ եմ տարել ես նրան,
հիմա ինչպե՞ս մոռանամ․․․
Ինչ մե՜ծ է իմ ընտանիքը․․․
Անգամ կատուն ու շնիկը,
որոնք, ցավոք, դեռ չունեմ,
թվաց, մեր տանն են արդեն՝
նվիրել է գուցե մեկը․․․
Կատուն՝ փամփլիկ, իսկ շնիկը
ժիր է, աշխույժ ու հաչան
և երկուսն էլ՝ իսկակա՛ն։


           Ջրահարսը

-Ջրահարսը ի՞նչ է, մայրի՛կ․․․

-Դա ո՛չ ձուկ է, ո՛չ էլ աղջիկ․
Հեքիաթային մի էակ է,
Որի կյանքը ծովի տակ է․․․
Հոգով բարի է անչափ,
Գործով արի է, անպարտ։
Ա՛յ, Անդերսեն որ կարդաս,
Ասածս․․․ կհասկանաս։
Ջրահարսը շատ սիրուն է․
Իր հագուստը ջրիմուռն է,
Ծովախեցին՝ զարդարա՜նք․․․

-Մա՛մ, հեքիաթը բեր կարդանք․․․
Տե՛ս, հենց սա է, քո ասածը՝
Անդերսենի «Ջրահարսը»․․․


        Քաղաքը

Մրջնանոց է, տե՛ս, քաղաքն արթնացած՝
Ամենքն իր գործով, իր հոգսով ընկած․
Գնում են-գալիս, տանում են-բերում,
Որ մայրամուտին վերադառնան տուն․․․
Եվ քուն է մտնում մրջնանոցն հոգնած
Մինչև առավոտ, մինչև լուսաբաց․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով