Մանկագրություն, Օլգա Դարյան

Լի՞, թե՞ Լիլի

Անունս Լիլի է, ինձ Լի են ասում,
տեսեք, թե ինչքան է ինձնից պակասում,
անունս ինչու՞ են կիսել-կիսկսել,
որ իմ այս երգը կես Լին է հյուսել․

Ասի՝ Լի է իմ անունը․․․
Ասին՝ նա Չինաստանում է․․․
Ինչ ասին, չհասկացա,
լաց լինելով հեռացա։
Տխուր-տրտում գալով տուն,
ծնողներիս եմ դիմում․
— Կրճատ անուն չե՛մ կրի,
ասեք, խնդրում եմ, Լիլի՛,
ինձ որ ասում եք՝ հրա՜շք,
կիսատ հրաշք ո՞նց լինի․․․

Անունս Լիլի է՝ Լիլի են ասում,
ոչինչ ինձանից էլ չի պակասում։

                ***

Ասեղն ու թելը առանց կոճակի
կարող են հազար ու մի գործ անել,
իսկ ա՛յ, կոճակը կտորի վրա
երբեք չի կարվի անասեղ, անթել․․․

                 ***
Ասին՝ փոքր է Հայաստանը,
թեև  շատ-շատ տարեկան է․․․
Չե՛մ հասկանում էս մեծերին՝
ինձ էլի ո՜նց շփոթեցրին․․․

              

Թյուրիմացություն

Ծառին երկար նայելով,
փոքրիկն ասաց ժպտալով․

-Կոկորդիլոսը թռչու՞ն է․․․
ապա ու՞ր է նրա բույնը․․․
Մտածում եմ, մտածում ՝
չէ՞ որ ձու է նա ածում․․․
բա թևն ինչու՞ չի բացում,
բա խոտն ինչու՞ չի կտցում․․․

Եվ հարցերի մի շարան
ուղղեց հորը երեխան։

Իսկ հայրիկը՝ ժպտալով,
շատ հանգիստ ու անվրդով,
պատասխանում է նրան․
-Ա՛յ հարցասեր իմ տղա,
ճիշտ է, ձու է նա ածում,
բայց այդ հսկան ի՜նչ թռչուն՝
անթև ինչպե՞ս նա թռչի
հսկա մարմնով գիշատչի․․․
Ե՛վ ջրում է նա ապրում,
և՛ ջրափնյա ցամաքում ՝
կյանք է վարում երկկենցաղ,
հիմա, որդի՛ս, հասկացա՞ր․․․

Տղան մի քիչ մտածեց,
ծիծաղով պատասխանեց․

-Դե իհարկե, հասկացա,
համ էլ նոր գլխի ընկա՝
մի փետու՛ր էլ նա չունի,
ոչ՛ էլ տեսքն է թռչունի․․․
Հա-հա, հա-հա, հա-հա, հա՜ ՝
թող ես մի լավ ծիծաղամ․․․

             ***

Րոպեն ծույլին ասաց․
-Վե՛ր կաց,
գիտե՞ս, կարճ է կյանքը իմ,
թե ինձ թողնես անաշխատանք,
ուժս երբեք չես գտնի․․․

              ***

Այնպես ապրես, Արա՛մ, տղա՛ս,
Րոպեների գինը զգաս,
Արար բառի, աշխարհ բառի
Միտքն ընկալես, իմաստնանաս։

               

Քաչալ ոզնին

Մի օր ոզնու փուշը թափվեց,
ինչպես մարդու մազն է թափվում։
-Քաչա՛լ ոզնի,- բուն կատակեց,-
առանց փշի․․․ մուկ ես դառնում․․․
Բռնելու էի քեզ, ուտեի,
թե ընկերս չլինեիր․․․
նախաճաշիս ժամն է արդեն՝
թռչեմ, որսն իմ արագ անեմ․․․

Տխրեց ոզնին, նստեց քարին,
«սանրվածքը» նախկին հիշեց
ու երազեց, որ մազի պես
իր փշերն էլ մի օր աճեն․․․

Կակտուսը

-Հետո ի՞նչ, որ փշեր ունեմ,
ոզնի չեմ ես, այլ կակտու՛ս,
ես էլ մի օր կմեծանամ
ու կծաղկեմ սուսուփուս․․․
Սակայն փուշս դեռ չի ծակում,
որովհետև շատ է նուրբ․․․
Հարցնում են․ — Ոզնի՞ ես դու․․․
Ես ասում եմ․- Ո՛չ ՝ կակտու՛ս․․․
Այ, մի քիչ էլ որ համբերեք,
ծաղկելու եմ սուսուփուս,
որ հմայված բացականչեք․
-Ա՛յ քեզ հրա՜շք, ա՛յ կակտուս։

Կեչու հյութը

Ողջ անտառն է երջանիկ՝
արդեն գարուն է գալիս,
միայն կեչին բարալիկ
տեսնես, ինչու՞ է լալիս․․․

Գուցե ձմեռն է նրան
հեռանալիս վշտացրել՝
նրբին իրանը հանկարծ
սկսել է արտասվել․․․

Արցունքն համեղ է այնքան,
դառը արցունք չէ, ասես,
կաթիլներն է բարության
հրամցնում կեչին մեզ․․․

Դա ըմպելու հյութ է,
մտածմունքի նյութ է․․․

Արծիվը

Սուր աչք ունես, սուր մագիլ,
մի բան գտա՞ր, ի՛մ արծիվ,
էս լայնարձակ դաշտերում,
էս քարքարոտ հանդերում․․․

Ինչքան պիտի դեռ հսկես,
շուրջդ նայես, զննես,
իջնես, որսաս քո ճանկով,
որսը տանես բույնը քո։

Արծվիկներիդ մեծացնես,
ազատ երկինք խոյացնես,
որ երկինքը վայելի
քո արծվային տեսքը վես․․․

Ճանճը

Ճանճը տզզաց-տզտզաց,
ընկավ տատի սուրճի մեջ․․․
-Ա՛յ քեզ փորձանք,- տատն ասաց
և այդ սուրճը չխմեց։

Թոռնիկը, որ չէր ուզում
տաք-տաք շիլան իր ուտել,
ասաց․-Մի ճանճ ինձ կտա՞ք՝
իմ շիլայի մեջ գցեմ․․․

Վարպետը

Վաղ առավոտյան
լսվեց մի աղմուկ․
դա փայտփորիկի
հարվածն է դիպուկ՝
իր սուր կտուցով
և առանց կացնի
բույն է պատրաստում,
որ բնակեցնի․
-Իմ թխկթխկոցը
շատերն են լսել,
գեղեցկությունս
քչերն են տեսել,
ի՜նչ բույն եմ բացել
բարդու բնին, տե՛ս,
հիմա հասկացա՞ր՝
ինչ վարպետ եմ ես։

Հրաբուխը

Սա՞ր է, թե՞ հրեշ՝ կրակ է շնչում․
կարո՞ղ եք ասել՝ ինչպես է կոչվում․․․
Կրակի գետ է թափում կոկորդից՝
ոչնչացնելով շուրջը ամեն ինչ։
Ժամանակ կանցնի՝ գետը կսառի
ու կվերածվի հրածին քարի։
Ու կգոյացնի շուրջը քարհանքեր,
որ զավակներն են հրաբուխ-սարի․․․

Քմահաճը

Փոքրիկ Լիլին բղավում էր,
երբ մայրիկը լողացնում էր․
-Ջուրը տա՜ք է՝ այրվեցի՜,
մազերս շատ ցավեցին․․․
Թո՛ղ ինձ ասեն՝ անլվա՛,
էլ երբեք չե՛մ լողանա․․․

Խեղճ մայրիկը համոզում էր,
աղաչում ու պաղատում էր,
որ կամակոր էն Լիլին
ընտելանա տաք ջրին։

Մի օր Լիլին լողացավ
և հայելուն մոտեցավ․
-Էս ինչ լա՜վ է լողանալը
և այսքան սիրունանալը,
մա՛մ, վաղն էլ ինձ լողացրու,
բայց ջուրը մի՛ տաքացրու։

Այդ օրվանից՝ լողացավ․․․
Ջուրն օրեցօր տաքացավ․․․

             
Բաժակն ու գավաթը

Գավաթը մի օր ասաց․-Ա՛յ բաժակ,
ես տոնական եմ, իսկ դու՝ հասարակ․․․
Տե՛ս, տոտիկ ունեմ՝ նուրբ ու գեղեցիկ,
իսկ դու կոպիտ ես, անշուք ու ցածրիկ․․․

Դա ասելուն պես՝ ինչ-որ մեկն անցավ,
սեղանը շարժվեց ու․․․գավաթն ընկավ,
իսկ ա՛յ, բաժակը՝ շատ ամուր կանգնած,
այդ միջադեպին անվնաս մնաց․․․

Հիմա գավաթը կաղլիկ է, ասես,
ու ոտքի վրա ամուր չի կանգնում,
բայց այն օրվանից, երբ ոտքը կոտրեց,
ցածրիկ բաժակին էլ չի՛ նախատում։

Հանելուկի ծնունդը

Այն ի՞նչն է, ինչը․
Երկվորյակ քույրերն իրար չեն տեսել՝
երկուսի միջև մի սար է բուսել․․․

Պիտի կռահեք, թե ինչ ասացի,
եթե լավ նայեք մեկի երեսին․․․
Հասկացա՞ք հիմա՝ քույրերն ովքեր են․
նրանք ամենքիդ սիրուն աչքերն են,
իսկ ահա սարը հենց քի՛թն է, որ կա,
որ բաժանել էր երկու աղջկա․․․

Հանելուկն ահա այսպես է ծնվել․
-Երկվորյակ քույրերն իրար չեն տեսել՝
երկուսի միջև մի սար է բուսել․․․

 Անպայման

Թե մայրիկիս տոնն է այսօր,
ասեմ՝ շնորհավո՛ր, անպայման,
թե վշտացնեմ նրան մի օր,
ներումը խնդրեմ անպայման․․․
-Սիրում եմ, մայրի՛կ․․․Շատ է կարևոր,
որ ասեմ այդ մասին անպայման,
Քեզ շատ է սազում զգեստը ծաղկավոր
Ու խինդը շողաչ գարնան․․․

               
Սխալ տաբատ


Երբ արթնացավ մի օր Վաչեն,
ուզեց հագնել տաբատը․․․
Կիսարթուն էր․․․ու սխալմամբ
ոտքը տարավ գրպանը։
Տանջվու՜մ էր, տանջվում,
թե ոնց «հագնի» գրպանը․․․
Ողջ օրը ծիծաղեցինք՝
վերհիշելով էդ բանը․․․

Երգիչները

Սոխակն երգեց՝ թրու-թրու-թրու,
(առանց նոտա կարդալու),
հետո թռավ երկնքով ՝
մեկ ուրիշ տեղ երգելու։

Հեռվից հեռու լսեցի
նրա մեներգը զորեղ․․․
Մի երգիչ էլ միացավ՝
արդեն լսում եմ զուգերգ։

Մեկը երգում է, լռում,
սպասում մյուսի երգածին,
ո՛չ մի նոտա էլ պետք չէ
երգիչներին բնածին․․․

Առվակը

Առավոտյան առվակն ասաց․
-Ես արթնացա, բարի լու՜յս,
ծառ ու ծաղիկ անջուր մնաց՝
վազե՜մ, ջրե՜մ, բարի լու՜յս․․․
-Բարի լու՜յս,- ասին նրան
հողն ու քարը ափերի,
ու ժպտաց երկինքը լայն․
-Բարև՜, չքնա՜ղ իմ փերի․․․

Սուտասելուկ

Կովի ձագը ճուտիկն է,
իսկ հավինը՝ հորթուկը․․․
Հորթը թառել է թառին․
-Բա ու՞ր է իմ հայրիկը․․․
Չեմ հասկանում՝ հայրս ով է,
մի՞թե ղըժ-ղըժ էն աքլորն է․․․
Իսկ ճուտիկը կովի հետ,
նախրապանի ու շան հետ
արոտավայր է գնում,
արածում է, գալիս տուն․․․

Սա ի՞նչ բան է ծիծաղելի,
խառնաշփոթ կա ստում․
այնպե՛ս արա, որ ձագերը
հայտնվեն իրենց տեղում։

           
Աղջիկն ու թռչունը

-Թռչող թռչու՛ն, քո վերևից
տեսնում ես միշտ ամեն բան,
իսկ ժապավենն իմ մազերի
քո վերևից երևա՞ց․․․
Իսկ ցայտաղբյու՞րն, որի կողքին
կանգնած եմ ես հենց հիմա,
քեզ երևա՞ց քաղաքը իմ,
որ կոչվում է Երևան․․․
Քեզ երևա՞ց Հայաստանը,
որին լավ չեմ ճանաչում,
ինձ հե՛տդ տար,
ի՛նձ էլ ցույց տուր
Հայաստա՜նս, ի՛մ թռչուն․․․

Օդապարուկը

Պատրաստել  եմ օդապարուկ՝
Վաղուց քամուն եմ սպասում,
Երազանքս հենց կատարվի,
Կհայտնվենք մենք դրսում․․․
Նա կթռչի՜, կսլանա՜,
Ես էլ՝ նրա ետևից․
-Թռչի՜ր, թռչի՜ր,
Սակայն հանկարծ
Չկտրվես քո թելից․․․

Քամին ուժգին սլացավ,
Օդապարուկս տարավ,
Իմ ճախրանքն էլ նրանց հետ
Ընդմիշտ մնաց հուշիս հետ․․․

Հրճվանքի օր

Այդ օրը հիշվում է,
Այդ օրը հրճվում է,
Հրճվանք ես ապրում օրվա հետ․․․
Այդ օրը հրճվում է,
Քանզի քեզ կոչում են
Արդեն դպրոցի աշակերտ․․․


Հանելուկ

Ո՛չ խնդիր եմ, ո՛չ վարժություն՝
Ես էլ ունեմ միակ լուծում։
Շատ եմ սիրում, որ ինձ լսեն,
Իմ քողարկած բառը ասեն։

Ունեմ գաղտնիք, անհայտություն
Ու շատ փոքրիկ մի նրբություն․
Բավական է՝ գլխի ընկնես,
Կռահես ու հետն էլ հրճվես․․․

Հասկացա՞ր, թե ով եմ հիմա՝
Միտքդ անեմ տակնուվրա,
Առաջացնեմ շիլաշփոթ․
Մտածողնե՛ր, եկեք ինձ մոտ,
Հանելուկն եմ ես խելացի,
Իմ գաղտնիքը ո՞վ կբացի․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով