Հովիկ Մխիթարյան, Մանկագրություն

Սքանչելին

Դանդաղ մոտեցավ խոհանոցի պատուհանին և թախանձագին ու կարոտով լի հայացքով փորձեց թափանցել պատուհանից ներս։  Այլևս չէր պահանջում ամենօրյա կերը, պարզապես խնդրում էր: Որովհետև այն պահից, ինչ հայտնվեց սքանչելին, հաճախակի էին ուշացնում: Իսկ մի անգամ նույնիսկ ընդհանրապես մոռացան: Սակայն միայն քաղցը չէ, որ տանջում էր շանը:  Ապա դանդաղ ետ գնաց, զզվանքով մի կողմ հրեց երեկվա սննդի մնացորդները: Նախկինում իր համար հատուկ նշանակության խանութից էին մսեր ու պահածոներ, հավի ազդրեր ու յուղոտ ոսկորներ  գնում։  Ինքն այլևս տան ուրախությունը չէր: Ահա թե ինչն էր տխրեցնում նրան: Տիրակալը սքանչելին էր. այն փոքրիկ,  անպաշտպան էակը, որն արդեն հայտնվել էր տանը և դարձել տերերի միակ ուրախությունը: Նրա հետ ավարտվեցին ամենօրյա զբոսանքներն ու անհամար շոյանքները, խաղերն ու համատեղ ուրախությունները: Երբեմն իհարկե ինչ-որ տեղ էին տանում իրենց հետ, սակայն դա բոլորովին այն չէր, ինչ նախկինում: Մեկընդմիշտ վերացան երջանիկ օրերը: Շունը սկսեց թափառել այգում: Այս ու այն կողմ գլորեց գնդակը, ատամներով բռնեց իր համար գնված խաղալիք արջուկը և սկսեց գզգզել: Ապա թավալվեց գետնին և զվարճալի հնարքներ գործադրեց, տերերի ուշադրությանն արժանանալու համար, սակայն ոչ մի հետաքրքրություն և ուրախություն: Իսկ առաջներում տերերը բավականությամբ կդիտեին իր խաղերը: Կընկերանային իր հետ: Կառաջարկեին այլ խաղեր: Իսկ հիմա կարծես չէին էլ նկատում:  Նա տխուր իրեն քաշեց պոչը, մի անգամ էլ նայեց պատուհանին: Պատուհանից ուղիղ իրեն էին նայում տերը և… սքանչելին: Նա գրկել էր իր տիրոջը, ով ինչ որ բան էր բացատրում փոքրիկին: Հավանաբար իր մասին էին խոսում, որովհետև ուղիղ իրեն էին նայում: Իսկ թե հատկապես ի՞նչ էին պատմում, չէր կարող հասկանալ: Եվ շունը վիրավորված արժանապատվությամբ հեռացավ պատուհանից, որովհետև չէր ցանկանում ծաղրածուի դեր կատարել:  Նա պառկեց բնի մոտ գցված արհեստական խոտածածկին և տրվեց շնային երջանիկ հիշողություններին: Հրաշալի ժամանակներ էին: Վազում էր տերերի ետևից, կատարում նրանց բոլոր հրահանգները, վազում ու ետ բերում նրանց շպրտած փայտերը, հալածում կակադուներին ու աղավնիներին: Իսկ խաղից հետո, երբ բոլորն արդեն հոգնում էին, նստում էին բակի նստարանին, պաղպաղակ կամ մեկ այլ հաճելի ուտելիք ուտում: Իրեն էլ էին հյուրասիրում, երբեմն՝ ամբողջական երշիկ կամ համեղ ոսկոր: Հիշողություններից նա աղիողորմ կլանչեց, և հուսահատ ողբ բարձրացավ կոկորդով մեկ: Դուրս եկավ և բնի վրա տեսավ մի քանի օրվա համար նախատեսված հավի մսի կտորները: Վիրավորվածության զգացումը չէր անցնում, քաղցն էլ մի կողմից: Եվ ինքը, որ հարգում էր տիրոջ հրամաններն ու կանոնները, չդիմացավ գայթակղությանը և ձգվեց դեպի թարմ մսի կտորները: Ե՞րբ էր վերջին անգամ այդպիսի նախաճաշ արել: Մի պահ նույնիսկ մոռացավ իր մեծ դժբախտությունը և գռմռալով հեռացավ: Այսպես. նա միանգամից ոչնչացրեց մի քանի օրվա համար նախատեսված մսի ողջ պաշարը: Ինչ լինելու  է, թող լինի. հո չեն սպանելու. պարզապես կծեծեն: Բայց այսպիսի համեղ նախաճաշի համար արժեր նույնիսկ մի լավ ծեծ ուտել:  Լավ ուտելուց հետո տրամադրությունը նույնիսկ մի փոքր լավացավ: Հետո սկսեց ուշադիր ականջ դնել: Որտե՞ղ էին տերերը: Այնքան կուզեր կուշտ ուտելուց հետո մի լավ վազել ու խաղալ: Տանը սովորական աղմուկն էր: Նախաճաշի ժամն էր, որից հետո տունը համարյա թե դատարկվում էր: Մնում էին սքանչելին և իր մայրը: Մայրը գզգզում էր երեխայի թշիկները, գրկում և թռցնում վերև: Փոքրիկը հրճվանքից ճչում էր ինչքան ուժ ուներ: Ինչ ուրախ էին այնտեղ: Նա մի կարճ ողբ էլ արձակեց: Սկսեց փորել գետինը. խիստ շոգերին այստեղ կպառկի և կտրվի ծեր շան հիշողություններին:  Նա տխուր մոտեցավ դռանը, որը միշտ բաց էր իր առաջ այն երջանիկ օրերին: Ապա ուսով հրեց… դուռը բացվեց անաղմուկ: Նա հանկարծակիի եկավ: Տուն չմտնելու՝ տիրոջ սպառնալիքը մի պահ կանգնեցրեց նրա, սակայն հենց հաջորդ պահին մոռացավ սպառնալիքի մասին, չէ որ արդեն կերել էր ողջ միսը և մեկ ավել հարվածը նշանակություն չէր կարող ունենալ:  
Նա հանդարտ, անաղմուկ անցավ ծանոթ միջանցքով և մտավ սենյակ: Քանի՜ քանի անգամներ էր ազատ, անարգել երթևեկել այս ճանապարհով: Ոչ մի ձայն: Մոտեցավ սենյակի կենտրոնում  գտնվող փոքրիկ օրորոցին, որտեղ փափուկ բարձերի վրա պառկած էր սքանչելին: Նա, այդ փոքրիկ էակը միայնակ էր, միանգամայն միայնակ և ուրախ  խաղում էր: Ճլվլում էր և զվարճալի ու անհասկանալի ձայներ արձակում: Այնքան երջանիկ էր նա: Նշանակություն չուներ, որ այդ պահին մայրը կողքին չէր: Բայց չէ որ իրեն խնամում էին ու հոգում իր բոլոր կարիքները: Եվ նա, այդ սքանչելի, փոքրիկ ու գեղեցիկ արարածը, ով խլել էր իր երջանկությունը, այդ փոքրիկ երեխան, միայնակ էր և իր տիրապետության տակ… Շունն ավելի մոտեցավ երեխային. նա իրեն էր նայում պայծառ, բոցկլտուն աչքերով: Շունը չդիմացավ այդ հայացքին և փախցրեց աչքերը: Տեսնես ի՞նչ է ուզում ասել իրեն այդ երեխան: Կամ մի՞թե չի վախենում իրենից: Սակայն երեխան շարունակում էր նայել իրեն վստահող աչքերով, սիրով ու զարմանքով: Աշխարհն այնքան գեղեցիկ ու հուսալի էր նրա համար: Եվ այնքան գեղեցիկ էր նա ու սքանչելի: Իսկ շունը, որ եկել-կանգնել էր իր կողքին, իր բարեկամն էր ու հարազատը:  Այդ սքանչելի էակն այնպես էր նայում իրեն, որ կարծես այդ ինքը չէր, որ մի քանի օր առաջ ընդամենը մի քանի վայրկյանում տապալեց հարևանի միանգամից երեք շներին: Կամ այդ ինքը չէ՞ր, որ պաշտպանեց տիրոջը խոշոր կենգուրուի հարվածներից և խայտառակ փախուստի մատնեց նրան: Ի՛նքն էր, որ հարձակվեց լկտի գողերի վրա և մոռացնել տվեց նրանց իրենց տան ճանապարհը: Եվ նրանք երբեք այլև չեն հայտնվի և անհանգստացնի իր տերերին: Իսկ ահա այս փոքրիկ էակը, որ խլել է իր երջանկությունը, չի էլ մտածում վախենալ իրենից: Իրենից, որ շրջապատի ահ ու սարսափն է…  Նա ուշադիր նայում էր երեխայի պայծառ աչքերին, որպեսզի ըմբռնի, թե ինչ է տեղի ունենում նրա մանկական հոգում: Եվ հանկարծ հասկացավ: Վստահությու՛նը: Ահա թե ինչու էին բոլորն այնքան սիրում սքանչելիին: Նա վստահությամբ ու սիրով էր նայում բոլորին: Ու նույնիսկ իրեն, ում ուրախությունը խլել էր հենց ինքը: Հսկայական շունը զգաց, որ ոչինչ չի կարող անել այդ սքանչելի էակին: Որ իր ողջ շնային ուժով ու հսկայական երախով այնքան անպաշտպան է այդ անմեղ երեխայի առջև: Եվ որ ինքը միայն կարող է սիրել ու պաշտպանել նրան: Իր պարտականությունն է սիրել ու պահպանել այդ տան տերերին ու այս փոքրիկ գեղեցիկ էակին. չէ՞ որ նա այնքան փոքրիկ է ու այնքան անպաշտպան: Իսկ ինքն այդ տարածքի ահն է ու սասափը: Իրենից վախենում են քանի՜ տուն այն կողմ: Եվ ինքը կպաշտպանի այդ փոքրիկ արարածին:  Շան աչքերից արցունքներ հոսեցին: Ինչ որ բան հեռացավ նրա շնային ուղեղից և նա ավելի խաղաղ նայեց այդ հրաշալի փոքրիկին: Նա ծմրաց, հանեց փշփշոտ լեզուն, լիզեց երեխայի այնքա՜ն փափուկ ձեռքը: Երեխան ճչաց բավականությունից ու ավելի մեծ ուրախությամբ նայեց իրեն․ դու իմ բարեկա՜մն ես՝ հրամայում էին այդ լայն բացված աչքերը: Շունը սիրեց այդ հայացքն ու աչքերը, որ այնքան խոսուն էին ու ջինջ: Ահա թե ինչու մոռացավ իր բոլոր վիրավորանքները: Ի՞նչ մեղավոր էր այս անմեղ սքանչելին, որ բոլորը սիրում էին իրեն: Եվ նա բարկացած հայացք նետեց շուրջբոլորը՝ ո՞վ է այն անմիտը, որ կհամարձակվի որևէ վատ բան անել կամ մտքով անգամ անցկացնել այս սքանչելի էակի հանդեպ:   Նա մի անգամ էլ լիզեց երեխայի ձեռքը: Երեխան դարձյալ ճչաց: Շունը սպասեց այնքան, մինչև զգաց, որ կողքի սենյակի ոտնաձայները մոտենում են:  Ապա աննկատ, անաղմուկ դուրս սողոսկեց սենյակից: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով