Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Ոչ մի բան անելու օր

Այս պատմությունը գուցե երբեք էլ չգրվեր, եթե մի օր էքսկավատորը իր մեծ-մեծ ատամներով չքանդեր մրջնաբույնը՝ նույն տեղում քարե բազմահարկ կառուցելու համար: Հենց այդ օրը Սեթ Վթվթունին կորցրեց վեց ոտքերից մեկն ու հետո միշտ բաղեղ-հենակով էր քայլում: Սեթ Վթվթունին կախվեց էքսկավատորի ատամներից, որպեսզի չթողնի, որ դրանք խրվեն իր կառուցած մրջնաբույնը, հետո երբ էքսկավատորը մրջնաբույնը հողին խառնած՝ նաև նրա ոտքը ծամեց, ուժասպառ փռվեց հողին, ձեռքը տարավ օձիքին կարված չամիչ-կրծքազարդին, սեղմեց այն մրջնային զայրույթի ողջ ուժով…. Մի օր կրծքազարդը փոխանցելու էր թոռնիկ Սեթին, բայց մինչ այդ պահը դեռ մրջնային կյանքի վթվթան ամիսներ պիտի հոսեն և այս հեքիաթի գոնե կեսը…

***

Վթվթունի ընտանիքում օրը սկսվում է արևածագից էլ շուտ:

— Թինա´, Թանա´, Վա´ն, Սե´թ, Ֆի´ն, Ֆե՜լ…

Մայրը ձայնում է ու անմիջապես վեց Վթվթունի մրջյունները ուսապարկերն ուսերին` հայտնվում են մայրիկի կողքին, շարքով վերցնում են իրենց հասանելիք նախաճաշիկն ու  մրջնաբնի տեղում բարձրացող քարե  բազմաբնակարանի (ուր ժամանակավոր տանիք էին գտել Վթվթունիները) հարկերով անցնող ոլորապտույտ խողովակով սահում ցած: Պատի միջով երկու հարկ իջնում են, հետո հերթով ցատկում երրորդ հարկի լվացքի պարանին, այնտեղից էլ ճոպանուղով (կատակով այդպես են անվանում մրջյունները) հասնում հանդիպակաց շենքի մոտ աճող թխկուն, որտեղ էլ հենց մրջյունների դպրոցն է:

Թինան և Թանան զույգեր են, քույր-եղբայրներից ամենակրտսերները: Ամեն օր իրարից ուսապարկ են քաշքշում ու միշտ Թինային թվում է, թե Թանայի շաքարաբյուրեղն ավելի քաղցր է քան իրենը: Դասամիջոցին անպայման փոխում են նախաճաշիկներն ու հետո գոհ-զվարթ Թինան լպստում է քրոջ բաժին նախաճաշիկը, Թանան էլ նրանը՝ վստահ, որ այս անգամ էլ քաղցր նախաճաշիկն իրեն բաժին ընկավ:

Վանը նրանցից մեծ է մի քանի շաբաթով ընդամենը, այդ իսկ պատճառով քույրերի հետ նույն դասարանում է սովորում: Վանն ամենառաջինն է լվացքի պարանով սահում ու հայտնվում թխկու ճյուղին և ամենից արագն է չիփս ու ադիբուդի գտնում: Ստացել է «հետախույզ մրջյուն» պատվոգիրը թաղային օլիմպիադայում. ի դեպ, Վանը միակ մրջյունիկն է, որ երեք անգամ անընդմեջ գտել է մարգարատածաղկի մեջ թաքցրած դեղին բրնձահատիկը:

Ֆինը և Ֆելը նույնպես զույգ են, բայց ի տարբերություն Թինա-Թանա քույրերիՙ Ֆինը  և Ֆելը իրարից շա՜տ տարբերվող մրջյունիկներ են: Ֆինը սիրում է խաղողի բաղեղին նստած ճոճվել, հետն էլ երգել՝ ինչքան ուժ ունի, իսկ Ֆելը վախենում է բաձրությունից: Անկեղծ ասած օդում մի շենքից մյուսը ձգվող լվացքի պարանով էլ չէր սահի, դրա փոխարեն կգերադասեր երեք աստիճանավանդակ վազել, բայց քույրերի համար օրինակ պիտի լինել որպես եղբայր. ամուր բռնվում է պարանից ու փորձում է ժտալ: Ֆելն ամեն դեպքում հավատում է, որ մի օր թևիկներ կաճեն ու ինքը ուղղակի կթռչի օդում՝ ծաղկից ծաղիկ:

Սեթը քույր եղբայրներից ավագն է, հենց Սեթին է պապը չամիչ-կրծքանշանը նվիրել մրջնադրախտ գնալուց առաջ:

Վթվթունի պապիկը՝ Սեթ Պապը, ինչպես մրջյուններն էին նրան հարգանքով դիմում, աբորիգեն մրջյուններից էր, որ այստեղ են ապրել շա՜տ-շա՜տ վաղուց, երբ ազատ մեծ տարածությունները իրարից բաժանվում էին հողից բլրաձև բարձրացող  մրջնաբներով, իսկ հով անում էին հատուկենտ աճող հսկա ծառերը: Այդ ժամանակներում մրջնաբների միջև ճարտարապետական մրցույթներ էլ էին անցկացվում, և հաղթող ճարտարապետին հաջորդ  մրջնաբույնն իր գծագրով կառուցելու իրավունքն ու չամիչ-կրծքանշանն էր շնորհվում:

-Երանելի ժամանակներ էին, — պատմում էր Սեթ Պապը, երբ շենքի հինգ հարկերի ծակուծուկերում բնակվող մրջյունները հավաքվում էին շենքի տանիքին՝ շաբաթօրյա ընթրիքի:

Մրջյունները ժամերով կլանված լսում էին Սեթ Վթվթունու պատմությունները. Հատկապես սիրում էին ծովահեն մրջյունների բազմազան ու գունեղ արկածների մասին պատմությունները լսել:

-Խենթ են ծովահենները, հերոսներն էլ են խենթ…

Սեթ Վթվթունին մի պահ լռում էր. նրա որդին ազգականներին փրկելիս հերոսաբար կուլ էր գնացել բազմահարկի վնասված ջրատարից հորդացող ջրի շիթին, ու այդ օրվանից ոչ ոք նրան չէր տեսել:

-Խիզախ մրջյունները թևիկներ են ստանում դժվարին պահերին, — Սեթ Պապի աչքերը նորից փայլում էին:

Վեց փոքրիկ մրջնիկները հավատում էին, որ իրենց հայրը թևավոր մրջյուն է դարձել՝ ջրի հոսանքի դեմ պայքարելիս ու կարողացել է փրկվել մինչև մեծ գետաբերան հասնելը…

Սեթ Պապը առանձնահատուկ սիրով էր վերաբերում մեծ թոռանը՝ Սեթին, գուցե նրա համար, որ իր կորած որդուն էր հիշեցնում, իսկ գուցե, որ Սեթը ծովահենների նման խենթ էր:

— Մի օր նոր մրջնաբույն կկառուցես, գիտե´մ, -ժպտում էր Սեթ Պապը, — մրջյունը հողի բույրը պիտի զգա:

***

Ցուրտ ձմեռ եղավ, ու Սեթ Պապը զգաց, որ մրջնադրախտ գնալու ժամը մոտ է: Ձմռան ամենաերկար գիշեր ունեցող օրը, արևը մայր մտնելուց առաջ, իր մոտ կանչեց Սեթին.

— Այսուհետ դու ես ընտանիքի ավագը:

 Պապն այսքանն ասաց ընդամենը, չամիչ-կրծքանշանը դրեց թոռան բուռը, ու երբ արևը մայր մտավ, ինքն էլ հասավ մրջնադրախտ ու միացավ իր նախնիներին:

Հաջորդ օրվանից ցերեկը սկսեց քիչ-քիչ երկարել ու Սեթը անցավ իր պարտականություններին: Քույր-եղբայրներին դպրոց էր ուղեկցում, (ինքը դպրոցը լավ-վատ վաղուց էր ավարտել), այնուհետ ճաշի ու ընթրիքի համար շաքարահատիկներ ու  ցորեն էր  հայթայթում շենքի տարբեր հարկերից: Արդեն անգիր գիտեր, թե որ տանտիրուհին երբ է սեղան գցում, երբ է խոհանոցում, ու երբ է բաց թողնում հացահատիկի պահարանի դռնակը:

Մայրը տեսակավորում էր Սեթի բերած մթերքն ու սիրալիր ժպտում.

— Հայրդ կհպարտանար քեզնով:

Այդպես ամեն օր, ամիսներ:

***

Մի օր էլ ամռանը, կա´մ շոգից, կա´մ տեսած խառը երազից, Սեթը արթնացավ մտքերի մեջ:

Բոլորն ունեն «ոչ մի բան անելու օրեր» բացի մրջյուններից: Ամեն-ամեն օր նույն մղոնները վազում, կտրում-անցնում եմ, որ կերակուր բերեմ քույր-եղբայրներիս համար ու օգնեմ մայրիկին: Այսօր հայտարարում եմ «ոչ մի բան անելու օր»:

Բակից ծիծաղի ձայներ էին գալիս: Ամառ էր: Շոգ: Երեխաները իջել էին բակ, խաղում էին:

Սեթը վերցրեց նախաճաշիկը, սահեց ջրատար խողովակով ցած, հասավ շենքի տակ՝ շենքի երկայնքով ձգվող խաղողի թարմային ու տեղավորվեց մեծ կանաչ տերևին: Այդտեղից ամբողջ բակը երևում էր: «Մրջյուններից ոչ ոք չի մտածել, որ կարելի է «ոչ մի բան անելու օր» հայտարարել գոնե ամիսը մեկ»,- մտածեց Սեթը, ի վերջո ինքը շենքի բոլոր բնակարանների բոլոր օրացույցների վրայով վազել ու կարդացել էր կարմիրով նշված «Տոն», «Հանգստյան օր» նշումները, իսկ մրջնային օրացույցը միայն արևի դուրս գալու ժամն է ցույց տալիս, այն էլ  նրա համար միայն, որ արևից շուտ մրջյունները արթնանան: Ամեն օր աշխատելը մրջյունների համար անփոփոխ օրակարգ է (օրակարգ բառը Սեթը վերջերս էր լսել չորրորդ հարկի տիկին Էսթերի հեռախոսային մի զրույցից: Բառը շատ էր դուրն եկել), ուրեմն այսօր իր համար օրակարգի խնդիր է «ոչ մի բան անելը»: «Ես կլինեմ առաջին մրջյունը, որն ունի «Ոչ մի բան անելու օր»: Երբ հագենամ կամ ձանձրանամ, կարող եմ այդ օրը նվիրել կամ փոխանցել մյուս մրջյուններին, չեմ կարծում, թե որևէ մեկը հրաժարվի»:

Սեթը աչքերը փակեց ու երազներին ազատություն տվեց: Մտածում էր, թե ինչ կարելի է չանել այս օրը. օրինակ, հեչ պետք չէ երկրորդ հարկի դռան վրայի ճեղքով խցկվել գնացքավար Աբելի բնակարան, հետո սպասել մինչև տանտիրուհու քստքստան ոտքերը գնան դեպի պատշգամբ, որպեսզի նետվես խոհանոց և արագ-արագ ուսապարկդ լցնես կտրատված հացի փշրանքները:

Մի քանի տղա, որ գնդակ էին խաղում, մոտեցան խաղողի թարմային, ջուր խմեցին ցայտաղբյուրից, հետո նորից ծիծաղելով՝ անցան իրենց խաղին:

Սեթը գրպանից հանեց շաքարահատիկը, դրեց լեզվի տակ, շաքարը հալվեց: Հրաշալի օր է, ո՞նց շուտ չէր իմացել, թե «ոչ մի բան անելը» ինչքա՜ն հաճելի է.  պառկի´ր քեզ համար ու վայելիր շաքարահատիկը, ամառը, արևը…

 Արևը ավելի բարձրացավ: Բակում խաղացող երեխաներն էլ տուն գնացին:

Մրջյունները այսուայնկողմ էին վազում, Սեթի կողքով գնում-գալիս էին անդադար, մյուսները շարք կազմած՝ լվացքի պարանով մի շենքից մյուսը պաշար էին տեղափոխում:

 Սեթը աչքերը բաց երազում էր, չեղած ամպերը շրջանաձև դասավորում, իրար մոտեցնում, հեռացնում: Հետո սկսեց մտքում ամպերը ձևատել, չգիտես ինչու մանր շաքարահատիկներ էին առաջանում միայն, ուստի արագ ձանձրացավ: Նայեց թխկու տերևներին, քամի չկար ու թխկին ավելի շուտ կանաչ արձան էր հիշեցնում, քան կենդանի ծառ:

Հանկարծ հիշեց՝ այսօր երեքշաբթի է, իսկ երեքաշբթի օրերին պարոն Սահակի ձեռքի փաթեթից անպայման հենց նոր գնված գաթայի մի քանի փշուր աստիճաններին է թափվում: Թե չհասցնի հավաքել գաթայի փշրանքը, քույր-եղբայրները մի շաբաթ առանց գաթա կմնան:

«Ոչ մի բան անելու օր է»՝ ինքն իրեն հիշեցրեց ու տեղից չշարժվեց:

 Ի՜նչ էլ դժվար է «ոչ մի բան անելը» մտածեց Սեթը, երբ արևը զենիթին հասավ ու սկսեց հալեցնել խաղողի թարմայի տակ փռված ասֆալտը: Մրջյունները անդադար վազվզում էին:   Սեթի աչքերը սկսեցին ղժբժալ, երևի արևի տակ շատ պառկելուց է…

***

 Երեկոյան հազիվ հասավ տուն՝ թույլ և հոգնած:

Մայրը դռան մոտ դիմավորեց որդուն:

— Հոգնած տեսք ունես, ի՞նչ ես արել այսօր:

-Ոչ մի բան, — պատասխանեց Սեթը՝ ինքն իր ձայնից քաշվելով:

Տարօրինակ է, մայրիկը ոչինչ չասաց, ձեռքը տարավ գոգնոցի գրպանն ու մյուսներից աննկատ՝ Սեթի բուռը մի քանի քաղցր բրնձահատիկ լցրեց: Այնպես, որ երբ եղբայրները առաջ եկան ու փաթաթվեցին ավագ եղբորը, Սեթը նրանցից յուրաքանչյուրին մի-մի բրնձահատիկ տվեց:

— Սե՜թ,ինչ լավն ես, ոնց գուշակեցիր, որ հենց այսօր բրձնահատիկ էինք ուզում ուտել,- միասին ու միաձայն ասացին Թինան ու Թանան, իսկ եղբայրները շնորհակալություն հայտնեցին ու վազեցին իրենց կիսատ խաղը շարունակելու:

— Բոլորս էլ ունենում ենք «ոչ մի բան անելու» գոնե մեկ օր…- ասաց մայրը, երբ իրենց ոչ ոք չէր լսում:

 Սեթը զարմացած նայեց մորը:

— Պապիկդ էլ, հայրիկդ էլ… ես էլ…- մայրը ժպտաց, — ուղղակի մրջյունները մեկ օրից ավելի չեն դիմանում «ոչ մի բան անելուն»:

Հետո կարծես ոչինչ չէր էլ եղել ասաց.

— Երևի ամբողջ օրը սոված ես մնացել, անուշ արա տղաս:

 Թարմ գաթայի հոտը լցվեց Սեթի քիթը, աչքերը խոնավացան:

Սեթը ողջ գիշեր արթուն մնաց, իսկ երբ լուսադեմին կոպերը ծանրացան, երազ տեսավ:

-Արթնացիր, Սե´թ, ամռան առաջին օրն անցավ, — թևավոր մրջյուն էր, Սեթը դեմքը չտեսավ, ծանոթ՝ չամիչ-կրծքանշան կար օձիքին:

 Սեթը վեր թռավ, օձիքին ամրացրեց պապիկի նվիրած չամիչ-կրծքանշանը ու դուրս վազեց:  Այսօր ևեթ կսկսի մրջնաբույն կառուցել ընտանիքի համար, հարմար տեղ էլ կգտնի՝ այսօր:

Երևի մեծանալը հենց այդպես էլ լինում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով