Լույս է տեսել, Մանկագրություն

Արևային անձրև

Գիրքը ներառում է բանաստեղծություններ և հանելուկներ։ 164 էջ, կավճապատ թղթով, նկարազարդումը՝ գունավոր։ Ժողովածուն ունի բաժիններ՝ Ուրախ ղողանջներ, Գազանանոց առանց վանդակի, Մանկության արահետով, Մնալ ազնիվ ու քաջ, Հանելուկներ

Ժողովածուն հրատարակել է ԷԴԻԹ ՊՐԻՆՏ հրատարակչությունը

Հանելուկներ

Ուղտ

Ասես նավ է կենդանի

Անապատի ավազին,

Մեջքին սապատ նա ունի

Ու բրդոտ է ահագին:

Փշոտ խոտեր է ուտում,

Ծարավ մնում  օրերով,

Քարավանի հետ գնում

Ծանր ու մեծ բեռներով:

Գայլ

Աչքերը` վառվող ածուխ

Գիշերվա մթնում,                               

Ոռնոցը ահ ու երկյուղ

Լսողի սրտում:

Ոհմակով է որս անում

Ձյուներին ձմռան,

Մաքրարար են անվանում,

Վայրենուն այս շան:

Արջ

Օրորվում է քայլելիս`

Ծուռթաթ է բրդոտ,

Սիրում է միրգ, մեղր ու միս

Հասակից  քոթոթ:

Քնում է նա ողջ ձմեռ,

Խորքում  իր բնի,

Մրթմռթանն այս ծանր ու գեր

Գազան է վայրի:

Կենգուրու

Կաթնասուն այս կենդանին

Ուտում է խոտ ու միջատ,

Երբ մոտիկ է թշնամին`

Պոչին հենված անում ցատկ:

Տեղից տեղ է նա գնում

Թեթև ցատկերով,

Գրպանի մեջ են քնում

Ձագերն անխռով:

Խխունջ

Ալեհավաք է գլխին,

Ճոճվող աչքերով,

Մեջքին կպած պինդ խեցին

Տուն է ապահով:

Չղջիկ

Գլխիվայր կախված,

Թռչող այս մուկը,

Մնում է քնած

Մինչ ընկնի մութը:

Որսի է ելնում

Միայն գիշերով,

Կուրորեն թևում

Ձայներ լսելով:

 Ծղրիդ

Թևավոր է` թռչուն  չէ,

Գիշատիչ է նա,

Միջատակեր երգիչ է,

Անձայն, աննոտա:

Հողի մեջ է նա դնում,

Թրթուրների ձվերը,

Թևերով է նա երգում,

Ականջ ունեն ոտքերը:

Մուկ

Հատիկ-հատիկ կտանի

Մի պարկ ցորենն ամբարից,

Կատվից վախը կա քանի,

Նա  դուրս չի գա մառանից:

Թութակ

Ինչ ասում եմ`կրկնում է,

Ինչ լեզվանի թռչուն է,

Աչքերի դեմ երբ մթնում է,

Նա մոռացկոտ ու լուռ է:

Ջուր

Քչքչալով է հոսում,

Համ չունի ու հոտ,

Ծարավից է  միշտ խոսում`

Պարզ ու սրտամոտ:

Քամի

Նստած տեղից երբ ելավ,

Փոշու ամպ հանեց,

Ինչ որ ճամփին իր գտավ`

Իրեն չպահեց:

Արև

Երկնքի մեջ կրակ ու հուր`

Երկրում է կյանքը եռում,

Աչք են ծակում շողերը բյուր`

Նրան հեռվից են սիրում:

Անձրև

Թակում է դուռ-լուսամուտ,

Մատներով  իր թաց,

Առաջ վազում ճամփից շուտ

Գետնին վարարած:

 Ամպ

Երկնքի մեջ իր տեղում,

Նստած չի մնում,

Ձևերի մեջ  բազմանում`

Գոռում- գոռգոռում:

Կայծակներով փայլում է

Երկնքի ճամփին,

Անձրևի հետ մաղվում է`

Ձնում է ցրտին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով