Հասմիկ Աջամյան, Մանկագրություն

Ոտանավորներ

ԱՐԵՎԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ ծողովածուից

Արևային անձրև

Անձրև  եկավ, վազեմ տուն,

Անձրևի տակ էլ ինչ խաղ,

Առնեմ թուրս ու թաքուն

Տնից դուրս գամ ես անվախ:

Աջ ու ձախ  թուրս  տանեմ,

Կտրեմ շիթերն անձրևի,

Արևի ճամփան պահեմ,

Որ անձրևը կարճ  տևի:

Ամպն էլ բակում չի գոռա,

Կվախենա իմ թրից,

Օդը մաքուր կշողա,

Արևային անձրևից…

Շոգը նեղում է

Ամառ է, արև,

Շոգը նեղում է,

Գետը բարակել,

Բայց իր տեղում է:

Գնամ լողանամ,

Զովանամ տապից,

Վաղն ինչ իմանամ,

Ջուր  կմնա ինձ:

Աշուն

Աշուն է եկել,

Մտել մեր այգին,

Որ մրգին հպվել`

Հասել է կարգին:

Տանձը քաղցրացել

Ծառին չի մնում,

Խաղողը հասել`

Աչքով է անում:

Խնձոր, դեղձ, սալոր,

Կախ են  ճյուղերին,

Քաղցր ու գունավոր,

Աչքները հողին:

Ճկվել է  բերքից

Տունկն էլ լոլիկի,

Պղպեղը կծվից

Թեքվել է կողքի:

Ճաքել է նուռը`

Ներսն է երևում,

Պահել է ճյուղը

 Ընկույզը  բռում:

Աշուն է եկել

Ներկերով անգին,

Ի~նչ  լավ է գտել,

Մեր դուռն ու այգին:

Մուկիկին եմ սպասում

-Փիսիկ, պարկից  ցորենի

Մի քայլ հեռու չես գնում,

Պարկին դարձել ես գերի,

Ոչ ուտում ես, ոչ` խմում:

-Սպասում եմ մուկիկին,

Պարկի մեջ է նա հիմա,,

Պատիվ չէ ինձ պես կատվին

Առանց  մկան տուն գնա:         

         Մրջյունները

Օրը կարճ է, Ճամփան` երկար,

Պետք է արագ գործի անցնել,

Տուն հասցնել կանաչ  մի սար,

Մրջյունը երբ է  ծուլացել:

Տասն անգամ իր քաշից ծանր

Բեռ է տարել նա իր ուսին,

Ձկան նման լուռ ու համր`

Իր ապրուստի հոգսն իր հույսին:

Բայց հիմա տես այս երկուսին,

Նույն ցողունն են առած տանում,

Մեկը ցողունն առած ուսին,

Իսկ մյուսը ծայրն է պահում:

Մեկը մյուսից  հետ չի մնում,

Նույն ճամփին են  կոշտ ու կոպիտ,

Ներքևինը վեր չի նայում,

Վերևինը նստել է պինդ:

Կար ու չկա ձուկը ոսկե

Հասկանում են  առանց խոսքի

Ձկներն իրար  բազմանուն,

Կար ու չկա ձուկը ոսկե`

Մարդու լեզու կար բերանում:

Ջրերի մեջ  կորավ անհետ,

Կամ էլ` հեռու երկնքում,

Գուցե դարձավ ձկների գետ`

Ծիածանի գույներում:

Ամեն մի ձուկ` երկու կեսով`

Մեկով նրան  նմանվում,

Ձկներն համր`գույնի լեզվով Խոսք են տալիս ու առնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով