ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Գլոբուսը

Գլոբուսը կարող է լինել մեծ կամ փոքր, բայց նրա փոքր լինելուց աշխարհը չի փոքրանում…

Լայնարձակ ու լուսավոր սենյակում ապրում էր մի փոքրիկ գլոբուս: Նա լավ էր հիշում, թե ինչպես հայտնվեց լուսավոր սենյակում: Երկար ժամանակ նա գտնվում էր խանութի փոշոտ ցուցափեղկին: Գնորդներն անտարբեր անցնում էին նրա կողքով: Եվ ահա մի գեղեցիկ օր նրան նկատեցին, գնեցին ու նվիրեցին․․․ Հուզված և անհանգիստ գլոբուսը մտածում էր, թե ինչպիսին է լինելու իր տերը: Նա երկար ժամանակ ապրել էր լքված, իսկ հիմա ուզում էր ընկեր ունենալ: Եվ ցանկությունը մեկն էր, որ իրեն չմոռանային սենյակի մութ անկյունում․․․

Ահա եկավ այդքան սպասված պահը. գլոբուսին նվիրեցին: Գլոբուսը շփոթված էր․ նրան
սթափեցրեց պատանու ուրախության ճիչը:
-Շնորհակա՜լ եմ, շնորհակա՜լ, — գլոբուսին գրկելով՝ բացականչեց պատանին:
Գլոբուսն սկսեց երջանկությունից շողալ. նա սպասված էր և ցանկալի…
Անցան օրեր, ամիսներ։ Գլոբուսը դարձավ պատանու անբաժան ընկերը: Պատանին շատ խելացի էր, հետաքրքրասեր, սիրում էր ճամփորդել, իսկ այդ հարցում նրան օգնության էր հասնում գլոբուսը: Գլոբուսի օգնությամբ պատանին հասնում էր աշխարհի ցանկացած կետ․․․

Մի օր պատանին մտավ սենյակ և մտախոհ նայեց գլոբուսին: Գլոբուսը նկատեց պատանու մտախոհ ու տխուր հայացքը: Պատանին արագ-արագ պտտում էր գլոբուսը և մանրակրկիտ զննում նրան: Նա նոր միայն նկատեց, որ գլոբուսի վրա կան սահմանային գծեր: Երկար նայելուց հետո պատանին ցածր ձայնովբինքն իրեն հարցրեց․ «Ինչու,՞ ախր ինչու՞» …

Այդ օրվանից հետո, պատանին փորձում էր իր հարցի պատասխանը փնտրել գրքերում: Ամեն անգամ նոր գիրք ընթերցելուց հետո նա նայում էր գլոբուսին: Գլոբուսը հարցեր չէր տալիս, նա գիտեր՝ երբ պատանու հոգին խաղաղվի, կսկսի խոսել:

Մի երեկո գլոբուսը լսեց պատանու զրույցը ծնողների հետ: Նրանք խոսում էին երկրագնդի սահմանների, պատերազմների, ցեղասպանությունների մասին: Գլոբուսը հասկացավ, որ պատանին արդեն գիտի դառը իրականությունը: Պատանին տալիս էր հարցեր, որոնք պատասխաններ չունեին…

2

Պատանին կորցրեց խաղաղ քունը։ Նա ամեն գիշեր ընթերցում էր, թերթում գրքեր և տխուր նայում գլոբուսին: Գլոբուսն սկսեց կարոտել իր առույգ ու զվարթ ընկերոջը: Հիշում էր պատանու հետ անցկացրած անմոռանալի պահերը. թե ինչպես էր պատանին Անտարկտիդայից հայտնվում Աֆրիկայի շոգ ջունգլիներում, սուզվում օվկիանոսի հատակը, բարձրանում ամենաբարձր լեռան գագաթը… Պետք էր պատանուն հիշեցնել այդ անմոռանալի օրերի մասին: Գլոբուսը մի օր փորձեց ցրել պատանու տխուր մտքերը: Նա սկսեց ուրախ պտտվել: Պտտվու՜մ էր, պտտվու՜մ և զիլ ծիծաղում:

Պատանին ժպտալով մոտեցավ գլոբուսին և տարված նայեց զարմանահրաշ մոլորակին․․․
Բայց հետո աչքը դիպավ այն չարաբաստիկ գծերին, ու սթափվեց: Գլոբուսը խորը շունչ քաշեց, և տխրությունը պատեց նրան: Նրանք լուռ նայում էին իրար:

-Ո՞վ որոշեց, որ սահմաններ պետք է գծել,- լռությունը խախտելով՝ հարցրեց պատանին:- Դու առանց սահմանների ավելի գեղեցիկ կլինես:

-Ես չգիտեմ՝ ով որոշեց սահմաններ գծել,- խորը շունչ քաշելով՝ պատասխանեց գլոբուսը:
-Իսկ ես կարծես կռահում եմ, ուղղակի չեմ հասկանում՝ ինչու՞,- մտածկոտ պատասխանեց
պատանին:
Նրանք լռեցին. երկուսին էլ նույն հարցն էր տանջում:
-Իսկ դու գիտե՞ս, որ սահմանների համար ազգերը պատերազմում են,- լռությունը խախտելով՝ հարցրեց պատանին:
-Ի՞նչ անել,- հարցրեց գլոբուսը:
-Պետք է մտածել,- մտախոհ պատասխանեց պատանին և գրկեց գլոբուսին:
-Ջնջե՜լ սահմանները,- ուրախ բացականչեց գլոբուսը, որը դեռ գտնվում էր պատանու ջերմ գրկում:
-Կարծում ես՝ կօգնի՞, ա՜յ եթե աշխարհի բոլոր պատանիները գլոբուսի վրայից ջնջեն իրենց երկրի սահմանները, մի գուցե ստացվի,- պատասխանեց պատանին:
-Կարծում եմ, որ պետք է փորձել ,- ժպտաց գլոբուսը:
Պատանին վերցրեց ռետինը, գիրկն առավ գլոբուսին և սկսեց ջնջել՝ մտքում կրկնելով. «Հանուն խաղաղ ապագաի…»։        

Հոգուս գույները

Այսքա՜ն գույներ,

Այսքա՜ն ներկեր,

Միանգամից գունավորել

Գունազարդել են աշխարհս։

Նկարչի ներկապնակի

Բոլոր գույներն ունի հոգիս։

Նույնիսկ ունի այնպիսի գույն,

Որ երբևէ ես չեմ տեսել

Հրաշագեղ կտավներում։

Այսքա՜ն գույներ,

Ու մի հոգի

Ա՜խ, որտեղի՞ց

Իմ այս հոգում՝

Խայտաբղետ գունավորում։

Գարնան գույնը,

Ամռան գույնը,

Աշնան բոլոր գույների հետ՝

Ձմռան ճերմակ, անբիծ գույնը։

Մութ գիշերվա խավարը սև,

Սևին տվող ամեն ինչը,

Գունավոր են միշտ իմ հոգում։

Երփներանգ են, խայտաբղետ

Երանգները իմ հոգու,

Խենթացնում ու մղում են

Արկածները խելացնոր։

Իմ հոգու ներկապնակում

Գույները միշտ բարի, քնքուշ

Հոգատար են իրար հանդեպ։

Մեկը մեկին չի նախանձում,

Մեկը մյուսին չի խանգարում,

Լրացնելով նրանք իրար՝

Ապրում են միշտ հաշտ ու խաղաղ։

Ապրում են նրանք հոգուս մեջ

Ու կյանք տալիս իմ գրվածքին։

Եվ հույս ունեմ, հավատում եմ,

Որ իմ հոգու ներկապնակը

Մի օր հաստատ խաղաղության գույնը կտա,

Որ իմ ձեռքով գունավորեմ,

Նախշազարդեմ աշխարհը մեր՝

Բնօրրանը ողջ մարդկության․․․

Դավիթ Ներսիսյան,
ք.Երևան, թիվ 171 հիմն. դպրոց, 9-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով