Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Երեքը․․․ ու էլի մի քանիսը ճանապարհին

Հեքիաթի ավարտին սպասող խնձորները երբեք էլ երեքը չեն եղել, այլ բան է, որ առաջին երեքն են միայն և ամեն անգամ հայտնվում կադրում:

 Իսկ մյուսները՞… մյուսների մասին հետաքրքվող էլ չկա, նույն այն պատճառով, որ առաջին երեքն ընկնում են թե չէ, հեքիաթի դռները փակվում են, բանալին էլ մնում է հեքիաթասացի գրպանում, մինչև հաջորդ հեքիաթ: 

Այդպես կշարունակվեր, եթե օրերից մի օր  հեքիաթային անցուդարձի մասին ֆիլմ նկարահանող անվանի ռեժիսոր պարոն Կադրուսը տեսախցիկը պատահաբար (կամ գուցե միտումնավոր) միացրած չթողներ նկարահանման հրապարակում, հեքիաթի ավարտին սպասող երեք խնձորների հենց կողքին: Այն, ինչ հետո՝ մոնտաժի ժամանակ, տեսավ ու լսեց Կադրուսը, ստիպեց նրան երեք անգամ ծխամորճը լցնել, երեք հարյուր անգամ սենյակի երկայնքով ետուառաջ քայլել ու չքնել ամբողջ գիշեր: Պիտի ասել, որ պարոն Կադրուսը մանկուց մինչ օրս Հեքիաթի բացառիկ և անդավաճան սիրահար է, հենց դրա համար էլ, երբ արդեն հասել էր փառքի և ճանաչման, իր բոլոր հնարավոր կապերն օգտագործեց, որպեսզի վերջապես հասնի հեքիաթի դռների մոտ ու թույլտվություն ստանա մի քանի կադր անել դռներից ներս՝ իր ֆիլմի համար:

Տեսախցիկը պատահաբար (կամ գուցե միտումնավոր) միացված էր մնացել և գրանցել էր այն, ինչ հեքիաթի երեք խնձորի անկրկնելիության և եզակիության տեսությունն էր գլխիվայր շուռ տալիս ամենից առաջ հենց իր՝ հեքիաթի մեծ գիտակ և սիրահար պարոն Կադրուսի համար:

-Անհնա՜ր է…- առաջին մի քանի վայրկյանը դիտելուց հետո բղավեց Կադրուսը: Առավ գլուխը ձեռքերի մեջ ու շունչը պահած՝ ապշահար դիտեց հաջորդ երեսունյոթ մետր ժապավենը:

— Անհավանակա՜ն է…

Երեք հարյուրերորդ անգամ սենյակը հետագծելուց հետո Կադրուսը մոտեցավ գրասեղանին, քաշեց դարակն ու վերցրեց իր «հազար տարվա» մոնտաժի մկրատը, որով հազարավոր կիլոմետերով խոտանված ժապավեն էր մինչ օրս կրճատել, այս անգամ քթարմատի մոտ արցունքի երկու մեծ կաթիլ ուռչեց, ուռչե՜ց ու ցայտեց կտրվող ժապավենին՝ մկրատի ատամների չխկոցին զուգահեռ:

Երեսունյոթ մետր կտրեց, փաթաթեց հատուկ անջրթափանց կտորի մեջ, խցկեց հին մետաղյա տուփի մեջ, տուփը զմռսեց կնիքով ու պահ տվեց աշխատասենյակում գտնվող հին սնդուկին՝ ամենակարևոր ու թանկարժեք իրերի կողքին:

Հետո նստեց կաշվե հենակներով ճոճաթոռին, նորից լցրեց ծխամորճը ու ծխեց…

Բայց քանի որ հեքիաթային ժապավենները կտրվելուց ու զմռսվելուց հետո էլ շարունակում են պտտվել, ուրեմն այդ գիշեր սնդուկում գտնվող բոլոր իրերը, ներառյալ Կադրուսի՝ հորից ժառանագություն ստացած հին լայնեզր գլխարկն ու ձիու ասեղնագործ թամբը, շուտով ամենայն մանրամասնությամբ գիտեին, թե ինչ է կատարվել հեքիաթի դռներից այն կողմ, հասցրել էին սիրել տզզան խնձորին, իսկ խուզած մազերովի կատակներից սնդուկը մի քանի անգամ լռության մեջ դղրդացել էր ծիծաղից:

Կադրուսը երազում էր կամ էլ բաց աչքերով քնել էր, ժամանակ առ ժամանակ դեմքը լուսավորվում էր լայնացող ժպիտով, այնպես որ, այն ինչ հիմա էր տեսնում ու լսում, իր հաստատ համոզմամբ ընդամենը երազ էր:

***

— Պատրաստվե´ք…. արդեն հեռվում փոշու մեծ ամպ եմ նշմարում, — պարտեզ մտնելուն պես հայտարարեց կարմրաթուշ խնձորը, որի մազերը ծուռ պոչ կապած՝ իջնում էին այտն ի վար, իսկ կրծքին ամրացված էր մեծ կլոր կքծանշան՝ «Հուշարար» գրությամբ: Դարձավ դեպի երեք չաղլիկները, որ առոք-փառոք ընկղմվել էին ինքնատիպ եռամաս բազմոցի ծալքերի մեջ:

Սա պայմանական հուշում էր, որ փոխառել էր «Կապույտ Մորուս»-ի հեքիաթից, և հիմա ամեն անգամ հենց հերթական հեքիաթի հանգուցալուծումը մոտ էր, արտաբերում էր «Հեռվում փոշու մեծ ամպ եմ նշմարում…» և պարտեզում բոլորը գիտեին արդեն, որ խնձորների ճանապարհ ընկնելու ժամը մոտ է:

— Ի՞նչ ունես շտապելու, մե´կ է, դու միայն հուշում ես, որ մեկը-երկուսը -երեքը ցած ընկնեն ճիշտ ժամանակին, — աչքով արեց մյուս խնձորը, որ ծուռ պոչով հուշարարից մի քայլ ուշ էր մտել պարտեզ:

Սրա մազերը կարճ խուզած էին, ուսին գցած պայուսակից գլանաձև շշի կափարիչը դուրս էր մնացել: Մոտեցավ բազմոցին, ուր տեղավորված էին երեք չաղլիկները. բազմոցի ամեն մաս առնձնացված մեխանիզմ ուներ, բարձրանում իջնում էր, պտտվում, այնպես, որ խուզած մազերովը, որ չաղլիկների պչրանքի պատասխանատուն էր, շատ արագ բոլոր կողմերից հարդարեց նրանց հագուստը, փոքրիկ շիշը հանեց պայուսակից, թափահարեց ձեռքի մեջ, հետո միջի օշարակով կարմրեցրեց չաղլիկների այտերը:

Հետ գնաց, պայուսակից գտավ-դրեց ակնոցը, որ անմիջապես էլ հեռադիտակի պես պտտվեց մեծացավ ու խոշորացված պլանով լուսանկարեց երեք չաղլիկներին՝ բոլոր հնարավոր դիտանկյուններից:

Ամեն ինչ կատարյալ է: Պայուսակից մի փոքրիկ տուփ հանեց, սեղմեց կոճակը ու դիմափոշու պես մի բան փչեց օդում կախված օդային լուսանկարների վրա, որ ծալվելով՝ հավաքվեցին, հավաքվեցին, դարձան փոքրիկ գլանակ, որն էլ խուզած մազերովը դրեց նույն փոքրիկ տուփի մեջ ու տեղավորեց պայուսակում: 

Չաղլիկները աչքի պոչով հետևում էին հեքիաթի ընթացքին՝ իրենց դիմաց դրված մոնիտորով, մեկումեջ էլ սառցագնդիկով քաղցրացված ջրից կում էին անում: Բազմոցն այնքան հարմարավետ էր, որ կումերի արանքում պատվարժան չաղլիկները քիչ մնար քնեին:

Քիչ այն կողմ փոքրիկ բոլորակի շուրջ նստոտել էին մանրիկ, խակ խնձորիկներ ու հիացմունքից կլորացած աչքերով նայում էին բազմոցին թիկն տվածներին: Նրանց առաջ բազմագույն տերևաթերթեր էին փռված ու խրձով յուղամատիտներ:

— Եթե ուշադիր լսեք ու մտապահեք բոլոր հեքիաթները, մի օր էլ դուք հեքիաթի ամենաբազմոցից կընկնեք ուղիղ հեքիաթը ասողի, լսողի ու գրի առնողի գիրկը, — կատակեց  խուզած մազերովը, որ հաստատ չէր ուզի հայտնվել բազմոցին փռված չաղլիկների տեղում: Ինքը նրանց պես կադրում չէր երևում ու հեքիաթի ավարտը չէր ազդարարում, փոխարենը պարտավոր չէր կլոր տարին զգուշանալ, որ հանկարծ այտին քերծվածք չլինի,  հետևել սահմանված խիստ սննդակարգին և  միշտ լինել անթերի կլոր: Ինքը կարող էր անգամ այսպես, խուզած մազերով շրջել պարտեզում կամ ներկել գլուխը՝ ինչ գույնի խելքին փչեր:

Փոքրիկ խնձորը, որ ուշադիր լսում էր խուզած մազերովին, մի քիչ էլ, անկեղծ ասած, քաշվում էր նրանից, շրթունքը կախեց, վազեց «Հուշարար» կրծքանշանովի մոտ, որ իր մորաքույրն էր, ու լաց եղավ.

-Ես բարձրությունից վախենում եմ:

Մորաքույրը թավշյա տերևով սրբեց տզզանի քիթը:

— Դմբո ջան, խնձորները հեքիաթի ավարտին իջնում են ամենահարմար ու անվտանգ ճանապարհով, բացի այդ, հավելյալ փափուկ բարձիկ  է նախատեսված խնձորային վայրէջքի անկանխատեսելի դեպքերի համար,- աչքը գցեց մոնիտորին, որ հանկարծ հեքիաթային իրադարձությունների ընթացքը բաց չթողնի,  շարունակեց,-  հեքիաթի ավարտին ընկնելը գիտես ի՜նչ պատիվ է… Համ էլ, քանի անգամ եմ ասել՝ քի´չ վազվզիր, պիտի բոլոր կողմերից փայլուն ու անթերի լինես, որ հեքիաթի ավարտին ընկնելու պատվին արժանանաս մի օր, հո չե՞ս ուզում ինձ պես ամբողջ կյանքում հուշարար լինել:

— Դու տխրո՞ւմ ես, որ հուշարար ես, — հարցրեց փոքրիկ խնձորը:

— Դե, իհարկե տխուր չեմ, հեքիաթի մոտալուտ ավարտը ամենից շուտ ես եմ կանխազգում ու երեք խնձորներին ընկնելու ճիշտ պահը հենց ես եմ հուշում, իսկ դա չափազանց պատասխանատու գործ է:  Հետո էլ, անկեղծ ասած, այդ սնուցող- կլորիկացնող դիետաները հեչ սրտովս չեն: Իսկ հեքիաթի ավարտին թմփոցով հայտվելը անմոռանալի իրադարձություն է ցանկացած խնձորի համար, այնպես որ՝ վերջ տուր տզզոցիդ:

Փոքրիկ խնձորը մի քիչ տխրեց մորաքրոջ համար, որ միշտ պոչը ծուռ էր կապում այտի սպին թաքցնելու համար: Ապա ետ վազեց ընկերների մոտ:

Մյուս խնձորիկները յուղամատիտով ինչ-որ բան էին խզբզում:

— Բան եմ որոշել, — յուղամատիտը ցած դրեց մեջներից տռուզը, որ երևի մի քանի օրով մեծ էր մյուսներից, — գիտեմ, թե ոնց կարելի է հենց այս հեքիաթի վերջում ընկնել, թե չէ մինչև մեծանանք, մինչև պատվելիները (գլխով ցույց տվեց երեք չաղլիկներին) թոշակի անցնեն, մեկ էլ տեսար հեքիաթային հին ավանդույթները է´լ չլինեն:

— Ո՞նց, հեքիաթի ավարտին էլ ոչ մի չաղլիկ խնձոր չի թրմփա՞ ցած, — հարցրեց բկլիկ խնձորիկը՝ խոսելուն զուգահեռ սննդարար հյութ էր ըմբոշխնում ծղոտե ձողիկով:

— Մինչև խնձոր չընկնի հեքիաթը չի վերջանա, միամի´տ, հա՜ կշարուկանվի… — մեծի պես լրջացավ տռուզ խնձորը, — հեքիաթասացը կհոգնի, երեխաներն էլ չեն քնի ու ամեն ինչ կխառնվի իրար: Դրա համար էլ այդքան կարևոր ենք մենք՝ խնձորներս:

Բկլիկը մի պահ զարմացած նայեց նրան, հետո էլի շարունակեց հյութը խմել:

— Պիտի աննկատ…- սկսեց տռուզը ու ձայնը ցածրացրեց, այնպես որ փոքրիկ խնձորները մոտեցան, գլուխ գլխի տվեցին, որ լսեն, թե ինչ է ասում:

Մինչ հուշաշարը երեք պատվարժան խնձորներին օդապարակի պես բացվող, տերևներից կարված ուսապարկեր էր հագցնում ու քարտեզի վրա ցույց էր տալիս նրանց վայրէջքի հավանական հետագիծը, փոքրիկ խնձորիկները իրար հետևից՝ մեկը, երկուսը, երեքը՝ աննկատ սահեցին երեք պատվարժաններից ամենատարեցի՝ Կարմիրի փեշի տակ:

Կարմիրը, որ արդեն երեք հարյուր հեքիաթ էր «անցել» և շուտով թոշակի էր գնալու ու մի քիչ էլ հոգնած էր այդ օրը, իր փեշի ալիքվելը վերագրեց քամուն ու առաձնապես ուշադրություն էլ չդարձրեց:

 Հենց այդ պահին հուշարարը ազդարարդեց.

-Երկնքից ընկա՜ն….

Հեքիաթի   դուռը բացվեց ու….

 Քանի որ ուսապարկը հաշվարկված էր միայն պատվարժան Կարմիրի քաշի համար՝ ծանրությունից ո´չ աջ, ո´չ ձախ չարեց, այլ քարի պես թրմփաց ուղիղ արքայազնի ձիու վրա, որ հենց նոր հասել էր հեքիաթի դարպասներին: Ձին խրտնեց, ցած գցեց արքայազնին ու սլացավ անտառ: Արքայազնը փորձեց տեղից շարժվել, բայց անհաջող էր ընկել, հավանաբար ոտքը ճաք էր տվել կամ ոլորվել: Մի կերպ նստեց ծառի տակ ու քանի որ հեռախոսի գյուտը դեռ չէր եղել, չէր կարող ո´չ հեռաձայնել տուն, ո´չ էլ զգուշացնել արքայադստերը, թե կուշանա ժամադրությունից:  Այլ տարբերակ չուներ, քան սպասել:

Փոքրիկ խնձորները հերթով գլորվեցին, ողջունեցին արքայազնին ու հավատացրին, որ ամեն ինչ լավ կլինի ու հաստատ մի ելք կգտնվի:  Քանի որ հենց իրենց պատճառով ձին խրտնեց ու փախավ, իրար մեջ քչփչացին ու որոշեցին գլորվել արքայադստերն ընդառաջ:

 Իսկ արքայադուստրը, սպասե՜ց, սպասե՜ց պայմանավորված վայրում, հետո հանեց բարձրակրունկները (դե որ հարմար լինի քայլել սար ու դաշտով) ու որոշեց՝ ինքը ընդառաջ գնա արքայազնին և պարզի, թե ինչ է պատահել: Հենց այդ պահին էլ փոքրիկ խնձորները գլորվեցին-հասան նրան, թռան արքայադստեր գիրկը ու սկսեցին առանց իրար հերթ տալու պատմել կատարվածը:

***

Կադրուսը ավարտին հասցրեց իր ֆիլմը մի քանի տարի անց միայն, ֆիլմը սկսվում ու ավարտվում էր Կադրուսի խնձորի այգում, ուր նա հիսուներկու խնձորենի էր տնկել այն բանից հետո, երբ տեսախցիկը պատահաբար (կամ գուցե միտումնավոր) միացված էր մնացել հեքիաթի նկարահանման հրապարակում: Հիմա արդեն կարևոր չի՝ իր տեսածն ընդամենը երա՞զ էր, թե… Այսուհետ ոչ մի խնձոր չի անտեսվի, այսուհետ բոլորը կիմանան, որ Հեքիաթի ավարտին ցած  ընկնող խնձորները երբե´ք էլ երեքը չեն եղել… Երեքն են… ու էլի մի քանիսը՝ ճանապարհին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով