Հովիկ Մխիթարյան, Մանկագրություն

Ուլուլը

????????????????????????????????????

Ուլուլ ծիտը ապրում էր շինարարական նյութերի խանութի կտուրին։ Նա դժգոհ չէր կյանքից, շատ բան էր հասկանում ու գոհ էր մարդկանցից, հատկապես դպրոցականներից։ Ամեն օր նրանց դպրոց էր ուղեկցում և նոր միայն անցնում ընտանիքի համար ուտելիք ճարելու դժվարին պարտականությանը։

Ուլուլը հասկանում էր մարդկանց զգացմունքները և անգամ` տրամադրությունները։ Դա նրան այնքան էլ չէր հուզի, եթե միայն դրանից կախված չլիներ իր ու ցեղակիցների ոչ միայն տրամադրությունը, այլև բախտը։ Նա նույնիսկ կուզեր ընկերություն անել մարդկանց հետ, բայց նրանք մի տեսակ վտանգավոր էին ու կասկածելի։ Մեկ էլ տեսար՝ բռնեցին ու՝ ուղիղ վանդակը։

Հա, ասենք, որ մի անգամ այդպես էլ եղավ, բռնեցին ու մտցրին վանդակն առանց իր կամքը հարցնելու։ Ամբողջ օրը տխուր ծիվ-ծիվ էր անում ու այս ու այն կողմ գնում վանդակում։ Ոչ տված ցորենն էր մի բան, ոչ էլ ՝ ջուրը։ Իրեն միայն ազատություն էր պետք։ Բայց դե լավ էր տանը անուշադիր մի երեխա կար, մի օր, միամիտ թե դիտմամբ, բաց թողեց վանդակի դուռը ու ինքը հայդա՜` ինչքան թևիկներում ուժ կար, զոռ տվեց ու դուրս թռավ։
Իսկ, այ, երեխաներն էլի ոչինչ. հետները լեզու գտնել հնարավոր է, հասկանում էին իրեն։ Անունը հենց իրենք էին դրել` Ուլուլ. համա թե խելացի են ու դիտողունակ այս երեխաները` Ուլուլ, պատկերացնու՞մ եք՝ ինչ երևակայություն է պետք ունենալ գտնելու հենց իրեն բնորոշող անունը։

 Ուրեմն դա այսպես եղավ։ Մի շատ ցուրտ օր էր։ Ընտանիքների հայրերով դուրս եկան ուտելիք որոնելու։ Սովորականի նման ուղեկցել էին դպրոցականներին մինչև դպրոց, սպասել մի քիչ հենց այնպես՝ հանուն բարեկամության ու ետ վերադարձել։

Ցուրտ էր, դողդողում էին, բայց դե տուն գնալ չէր կարելի դատարկ ճանկերով։ Տխուր ոստոստում էին այս ու կողմ, երբ նկատեցին դպրոցից ուշացած մի տղայի։ Նա հանգիստ քայլում էր, կարծես ինքը չէր, որ ուշացել էր դասերից։ Նա թմբլիկ էր ու կարմրաթուշ, լավ սովորող երեխայի տեսք ուներ։ Երևի քաղցած էր, դրա համար էր ուշացել դպրոցից։ Ձեռքին մի մեծ փաթեթ կար, մեջ լիքը թխվածքաբլիթներ… ու ինչ անու՜շ էին բուրում տղայի նման թմբլիկ թխվածքաբլիթները․․․ Իրենք էլ շատ մեծ հաճույքով կուտեին։

Տղան հաճույքով կծեց մեկն ու սկսեց ուտել։ Բերանը յուղոտվեց։ Ուշադրություն չդարձրեց ու սկսեց թափահարել պայուսակը, հետն էլ դպրոցում սովորած մի երգ դնդնալով։ Ուլուլը չդիմացավ. սլացավ դեպի տղան ու ու իր լեզվով ինչ-որ բան ճռվռաց, մոտավորապես այս իմաստով` «Մեզ է՜լ տուր»… ու տղան հասկացա՜վ (հո մեծահասակ չէր)։ Նայեց իրեն, թափահարեց ձեռքն ու ողջունեց, հետո մի պահ դադարեցրեց ծամելը, սուլեց ու հարցրեց.                                                                                                                                                      

— Ուլու՞լ, դու ե՞ս։

 «Ուլու՞լ», — ինչ տարօրինակ է, անունն էլ որոշեց։ Ու Ուլուլ ծիտը դրանից ոգեշնչված մի քանի պտույտ էլ արեց դպրոցական տղայի գլխավերևում, ապա դանդաղեցրեց ու մոտեցավ տղային, թևիկներով թեթև հպվեց փաթեթին, որի մեջ թխվածքաբլիթներն էին։

-Հը, ծիտ, ի՞նչ ես ուզում,-ասաց տղան, — հո սոված չե՞ս,-  ավելացրեց հռհռալով։ — Բայց ես ուշանում եմ դասից, ընկեր Ավագյանը բարկանալու է վրաս, դու ինչ է, չգիտե՞ս։  

Բայց նոր անուն ստացած Ուլուլը շարունակում էր ճլվլալ ու պտտվել տղայի գլխավերևում, հետն էլ սահուն կերպով գեղեցիկ շրջանակներ գծել օդում։

 -Լա՜վ, Ուլուլ, արի ես քեզ ուտելիք տամ, շատ համեղ են ախր, բայց մենք ընկերներ ենք, չէ՞։ Դե լավ, էսօր Արմանին չեմ տա, դու ախր շատ ես ուզում։- Այս ասելով, նա… միանգամից երեք թխվածքաբլիթ հանեց ու դրեց ավտոբուսների երթակարգավորական — էն որ դիսպետչերական են ասում — տնակի կողքին։ Իսկ Ուլուլն արագ, փորձնական մի հատ կծեց ու, գնահատելով համը, արագ թռավ ըներների մոտ, իրենց լեզվով ճտպտալով բացատրելով, թե ինչ է տեղի ունեցել, որ այնտեղ այնքա ՜ն ուտելիք կա, որ հա՛մ կուտեն, հա՛մ կտանեն իրենց բները։

Ծտերը մի քանի րոպե ժողով արեցին, ապա որոշելով իրենց անելիքը, սլացան դեպի դիսպետչերական տնակը։ Նրանք նախ հաճույքով կերան համեղ թխվածքը, ապա սուր-սուր կտուցներով բաժան-բաժան անելով՝ սկսեցին տեղափոխել իրենց տները։

Բայց գործը դժվարությամբ էր առաջ գնում, մարդիկ խանգարում էին։ Նախ մի բարկացած պապիկ քշեց իրենց, հետո մի կին քիչ մնաց տրորեր հենց գործի պահին ու վազելով հասավ երթուղային մեքենային։ Հետո էլ մի թթված տեսքով տղամարդ,-երևի ուշանում էր աշխատանքից,- վախեցրեց իրենց։ Դե իսկ մեքենաները ամեն րոպե դռդռոցով ու աղմուկով, խեղդող ծխով վախեցնում էին ու հեռացնում, առանց մտածելու, որ իրենց նախաճաշի ժամանակն է, ու դեռ ընտանիքներն էլ բներում իրենց են սպասում։

Ասենք, որ դպրոցականն այդ ամբողղջ ընթացքում փորձում էր պաշտպանել իրենց, բայց տեսնելով, որ ուժերն անհավասար են, ու հատկապես որ ուշանում է դասից, թողեց ու արագ վազեց դպրոց, թափահարելով  պայուսակը։ Հետո ուրախ ծիծաղեց, տեսնելով թե ինչ դժվարությամբ են թևավոր բարեկամները տուն հասցնում այդ բարիքը։ Նա մի քիչ էլ վազեց, ապա գոռաց արդեն հեռվից․                                                                           

-Ուլու՜լ, ես գնացի, վաղն էլ եմ գալու, չուշանաք։

Իսկ ծտերն ավարտեցին իրենց աշխատանքը։ Նրանցից ամեն մեկը իր բույնը տարավ իր բաժին։ Ուլուլը նույնպես շինարարական նյութերի խանութի կտուրին գտնվող իր բույնը տեղափոխեց մի բավականին մեծ կտոր թխվածքաբլիթ։ Իսկ ընտանիքը հավաքվել էր և ուրախ ճլվլում էր։

Բայց ամեն ինչ դրանով չավարտվեց։ Ուլուլը թռավ հասավ տղային,- նա դեռ դպրոց չէր հասել,- ու ուրախ ճռվողյունով մի քանի պտույտ էլ գործեց, ինչ-որ բան ասաց իր լեզվով,-տղան կհասկանա՜…                             

Հետո թափով ետ սլացավ, դեպի այնտեղ, որտեղ իր ընտանիքն էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով