Uncategorized, Նարինե Կռոյան

Հեքիաթ խղճալու և օգնելու մասին

Մի քանի օր էր՝ մայրիկը տկար էր և անկողնուց չէր ելնում:Լիլին գիտեր, որ պիտի խղճար և օգներ նրան. հայրիկն էր այդպես ասել:
Հաճույքով էր խղճում. համբուրում էր, խեղդելու չափ՝ գրկում: Օգնելն էր բարդ, և մի օր էլ Լիլին բացահայտեց, որ օգնելը, մեղմ ասած, այնքան էլ հաճելի զբաղմունք չէ, որովհետև պիտի կարողանար ընդհատել խաղը, բաց թողնել մուլտֆիլմերի ամենահետաքրքիր հատվածները՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք հազար անգամ արդեն նայել էր: Ստացվում էր, որ պիտի սովորեր հրաժարվել իր բոլոր-բոլոր նախասիրություններից.

— Մայրիկ, ես արդեն մե՞ծ աղջիկ եմ:

— Մեծ ես, այո:

— Իսկ ինչո՞ւ եք մոռանում այդ մասին և ավելի հաճախ ասում, թե փոքր եմ:

Մայրիկը ժպտաց.

— Այդպես է. ես էլ եմ փոքր իմ մայրիկի համար և մեծ՝ քեզ համար:

— Իսկ ես և քեզ, և հայրիկի համար մի անգամ մեծ եմ, մեկ այլ անգամ՝ փոքր:

Մայրը շոյեց իրեն մեկնված փափուկ ձեռքը:

— Հիմա, երբ պիտի փոշիները սրբեմ, ես մե՞ծ եմ, թե՞ փոքր,- շարունակեց աղջիկը:

— Մեծ ես, անուշս, մեծ, որովհետև օգնում ես, ուրեմն՝ մեծի նման ես վարվում, մտածում:

Լիլին շուրջը նայեց:

Փոշին  զամանալի արագությամբ էր օր-օրի, շերտ առ շերտ նստում բոլոր բաց մակերեսների վրա, և փոքրիկ Լիլին, մայրիկի փնթփնթոցն ու տնքոցներն ընդօրինակելով, մաքրում էր այն:

Հանկարծ հիվանդի մահճակալին զուգահեռ, շրիշակի վրա փոշու քուլաներ նկատեց և դրանք ափի մեջ առնելով՝ հարցրեց.

— Մայրիկ, սա էլ է՞ փոշի:

— Այո:

— Փոշիներն էլ են ուզում այսպես միասին լինել:

— Երևի:

Ափն զգուշավոր առաջ պարզած և քուլայի միջով երկնքին նայելով՝ Լիլին քայլեց դեպի բաց պատշգամբի ամառային արևը:

Նա բարձրացրեց ձեռքն ու զգուշորեն փչեց:

Թեթև զեփյուռն առավ անկշիռ փոշեգունդն ու փորձեց վեր հանել: Սակայն քուլան անսպասելի երկու մասի բաժանվեց. մեծը վերև թռավ, իսկ փոքրը պարելով՝ սկսեց ներքև լողալ:

Լիլին երկար նայեց փոշեգնդերի ճախրանքին:  

Հանկարծ փոշու վեր ելնող քուլան ևս սկսեց գահավիժել, և աղջիկը տխրեց: Վազեց մահճակալի մոտ և գրկելով պառկածին հարցրեց.

— Մայրիկ, փոշին օդում երկու մասի բաժանվեց. մեկը ցած ընկավ, իսկ մյուսը բարձրացավ վերև: Բայց հետո վեր թռչողն էլ սկսեց ներքև իջնել: Ինչո՞ւ:

— Այն քուլան, որ վերև բարձրացավ, երևի մեծամիտ էր, ինքնահավան և չէր ուզում ընդունել իր ինքնությունը, իսկ մյուսը հավանաբար գիտեր, որ ինքը փոշի է: Կյանքում այդպես է. ամեն բան փոշի է և փոշի է դառնում: Ի վերջո, աղջիկս, մի օր բոլորն են ընկնում: Ոչ ոքի չխղճաս: Պարզապես ձեռք-ձեռքի, միմյանց օգնելով՝ և բարձրանալն է հեշտ, և ընկնելը՝ միաժամանակ մեծ ու փոքր լինելու նման: Դու հետո կհասկանաս: Պիտի այնպես անես, որ հողի հետ բախումը բոլորի համար պակաս ցավոտ լինի: Խղճալը թույլի բան է: Օգնում են միայն ուժեղները:

Լիլին ոչինչ չհասկացավ. իրեն ասել էին, որ հետո է հասկանալու: Գլուխը փոշեքուլայի նման թեթև-թեթև դրեց մայրիկի կրծքին և ավելի ամուր գրկեց նրան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով