Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Պատռված էջի առեղծվածը

Մեծ երազանքերի համար պիտի մի քանի երազ անցնես, դրանք մտապահես արթնանալուց հետո, ու թե  հաջորդ երազային կամրջին անսպասելի հանդիպես նախորդի շարունակությանը, ուրեմն շուտով երազանքդ իրականություն կդառնա:

Այդպես  էլ արեց Կամիլան: Առաջին երազը տեսավ դասերից հետո, ցերեկային քնի ժամին: Զարմանալի ոչինչ չկա. Կամիլան, ինչպես և մյուս ջայլամները, դպրոց է հաճախում: Ջայլամների դպրոցում սովորեցնում են արագ վազել, շատ արագ վազել, բոլորից արագ  վազել: Բնականաբար, ջայլամային դպրոցի բոլոր աչքի ընկնող անկյուններում  լավագույն վազորդների նկարներն են:

 Ամեն օր առավոտից  երեկո` արագ, ավելի արագ վազելը հոգնեցնող, մի քիչ էլ ձանձրալի զբաղմունք է: Գուցե միայն Կամիլային է այդպես թվում… Նրա եղբայր Կամիլյոյի խելքը գնում էր վազելու համար. անցյալ տարի ջայլամակղզու ամենաարգավազի գավաթն իրենց տուն է բերել, և այս տարի գավաթը նվաճելու հերթը Կամիլայինն է: Մի անգամ Կամիլան քիչ մնաց կոտրեր գավաթը մաքրություն անելիս: Գավաթն ընկավ ու  ճաք տվեց, բայց Կամիլան ճաքած մասը շրջեց պատի կողմ, այնպես որ ոչ ոք չնկատեց կատարվածը…

 Ինչևէ, դառնանք  երազին: Կամիլան նոր էր քնել ու երազում ինչպես միշտ վազում էր  երգելով, երբ չգիտես որտեղից երկու մեծ աչքեր հայտնվեցին, թարթեցին, հետո այդպես բաց՝ անթարթ մնացին: Ինչքան Կամիլան մոտեցավ,  աչքերն այնքան  փոքրացան, քիչ անց ծառին նստած Բուի դեմ դիմաց էր: Կամիլան սիրալիր բարևեց, ինչին Բուն աչքերը դանդաղ ու ծանրակշիռ բացեց-փակեց, այսինքն՝ բարև:

— Պակասող է՞ջն ես փնտրում, — լռությունը խախտեց Բուն:

— Ի՞նչ էջ, — զարմացավ  Կամիլան:

Երազի մեջ ոտքերը իրեն չէին ենթարկվում, շարունակում էր վազել, վայրկյաններ անց Բուն ծառի հետ ահետացավ նրա տեսադաշտից:  Միայն լսեց Բուի ձայնը.

— Բառարանի պակասող է՜ջը…

Արթնանալուն պես գտավ, բացեց տանը եղած բոլոր բառարանները. դրանք երկուսն էին իրականում: Վազելու, արագ վազելու և բոլորից արագ վազելու բոլոր «հոլովները» կային բառարաններում:  Երկու բառարանում էլ տարօրինակորեն  մեկական էջ պակասում էր նույն «թ» տառի  բառաշարքում:

— Թա-վալ-վել,  թի-թեռ-նիկ, — վանկ-վանկ կարդաց Կամիլան, հաջորդ էջը պոկված էր,   հետո անմիջապես՝ թրմփալ, թութակ, բառերն էին  էջով մեկ՝ մեծ-մեծ տառերով: Նույնը մյուս բառարանում էր, մի տարբերությամբ միայն՝ երկրորդ բառարանը նկարազարդ էր:

 Մայրիկին հարցրեց: Ճիշտն ասած, մայրիկը այնքան զբաղված է, որ բառարան թերթելու ժամանակ վաղո՜ւց չունի:

— Եթե այսքան տարի առանց այդ էջի ջայլամակղզում ոչ մի արտառոց բան չի պատահել, ուրեմն այսուհետ էլ անհանգստանալու առիթ չկա. այդ մի էջը երևի չի էլ եղել, — եզրակացրեց մայրիկը՝ առանց բառարանի բացված էջին նայելու:

 Մայրիկը կոկոսի մանրաթելով քաղցրապուր էր եփում, ուստի նրան չխանգարելու համար Կամիլան անձայն հեռացավ՝ բառարանները գրկած: 

 Հաջորդ օրը բոլորից շուտ հասավ դպրոց,  վազեց ուղիղ դպրոցի գրադարան, բառարանի նույն մասում մեկ էջ պակասում էր: Բոլորն արդեն տուն էին գնացել, իսկ Կամիլան դեռ վազում էր դպրոցամերձ լճակի շուրջ, ամբողջ ընթացքում մտածում էր, թե որտեղ փնտրի պակասող էջը, ի՞նչ կա այդ էջում և ինչո՞ւ տեսավ այդ անհասականալի երազը, Բվի՛ն… Չ՞է որ իրենց կողմերում բու չի էլ տեսել երբևէ: Երեսուներորդ շրջանին հանկարծ հիշեց Էմու մորաքրոջը:

 Էմուն ապրում էր ջայլամկղզին հատող գետի մյուս կողմում, բոլորից հեռու:  Նա հազվադեպ էր գետի այս կողմ գալիս, մյուս ջայլամներն էլ խուսափում էին նրա տան մոտով անցնել: Մայրիկն էլ ամեն անգամ մի պատճառ գտնում էր, որ հետաձգի Էմու մորաքրոջն իր այցելությունը, բայց Կամիլան հաճախ էր նրան հյուր գնում ու միշտ զարմանում էր, թե ինչքան տարբեր է մորաքույրը մյուս բոլոր ջայլամներից:  Նույնիսկ անհավատալի է, որ նա ու մայրիկը քույրեր են, ախր հեչ նման չեն:

Մորաքույր Էմուն  առանձնահատուկ սեր ուներ հնաոճ,  գործածությունից դուրս եկած իրերի հանդեպ, նրա տունը թանգարան էր հիշեցնում, ինչ ասես՝ չէիր գտնի այնտեղ. տորֆապատ հազարամյա  խեցի, ափից գտած հին նոթատետր, որում մի հայտնի նավի լեգենդ  էր ամփոփված, անգամ մողեսի պոչից զարդատուփ կար: Մի կողմում էլ  տարատեսակ բառարաններ, կենդանի ու մեռած լեզուներով գրքեր էին դարսված իրար գլխի: Կամիլան չէր հարցրել, բայց ներքուստ համոզված էր, որ մորաքույր Էմուն գիտի բոլոր այդ լեզուները:

Մորաքույրը բոլորովին չզարմացավ, երբ տեսավ հևասպառ ներս մտնող Կամիլային, կարծես  թե հենց այսօր էլ սպասում էր նրան:

— Մորաքույր, տարօրինակ չէ՞, որ բոլոր բառարաններից մի էջ պակասում է, նույն էջը…- առանց նախաբանի սկսեց Կամիլան:

Մորաքույր Էմուն խորհրդավոր ժպտաց, անցավ խոհանոց, իսկ քիչ անց վերադարձավ   մրգահյութով զանգակածաղիկը ձեռքին:

— Խմի´ր, օգնում է մտքերը հավաքել, — նստեց Կամիլայի կողքին:

— Մի էջ պակասում է, նո´ւյն էջը…- կրկնեց Կամիլան:

— Փնտրողն է գտնում, — չափազանց հանգիստ արտաբերեց  մորաքույր Էմուն, կտուցը դարձրեց գրքերի կողմը:

Կամիլան մոտեցավ, հատ-հատ թերթեց բլրակով շարված գրքերը, արտառոց ոչինչ չգտավ: Հոգնել էր, աչքերը փակվեցին, քնեց՝ գլուխը հերթական բացված գրքին:

Աչքերը բացեց մորաքրոջ ձայնից.

— Կամի՜….,- մորաքույր Էմուն դեպի Կամիլան հրեց հնամաշ «Ջայլամագիրքը», որ հաստատ չկար բլրակով դարսված գրքերի մեջ, երևի ննջարանից էր բերել:

Կամիլան բացեց գիրքը, թերթեց, հասավ «թ» տառին, սիրտը սկսեց ուժգին զարկել:

-Թռչել, Թռչուն,- կարդաց Կամիլան, երկար նայեց պատկերազարդ էջի նկարներին, որտեղ մյուս թռչունների կողքին իր նախնի ջայլամ-զարմիկներից մեկն էր պատկերված, շրջվեց դեպի մորաքույրը, որ իրեն զուգահեռ՝ անգիր կրկնում էր նույն բառերը:

— Միակն է՝ առանց պակասող էջերի, — ասաց մորաքույրը, տատիկը ինձ է նվիրել, երբ քո տարիքին էի, այսօրվանից քոնն է:

Կամիլան դեռ լավ չէր հասկանում այն, ինչ հենց նոր կարդաց Ջայլամագրքում: Ստացվում է, որ ինքը, մորաքույր Էմուն, երկարոտ Լուն, անգամ իրենց հարևան թավահոնք ջայլամ Լեոն՝  բոլորը թռչուններ են, ինչպես երազի Բո՞ւն: Այդ դեպքում ինչո՞ւ են վազում թռչելու փոխարեն:

— Չգիտեմ, — մորաքույր Էմուն կարծես լսում էր Կամիլայի մտքերը, — ոչ ոք չգիտի:

— Իսկ պակասող էջը՞:

— Դեռ ապուպապիկի ժամանակից է այդպես, տատիկն ասում էր, որ այդպես են որոշել իմաստուն ջայլամները:  Երևի այդպես ավելի ճիշտ է, իսկ գուցե… հեշտ է: Այդպես որ չլիներ, մենք ամենաարագավազը չէինք լինի:

Կամիլան տխրեց.

— Ճիշտ չէ, — ընդդիմացավ,- իմաստուն ջայլամներն էլ կարող են սխալվել, որոշումներն էլ՝ ժամկետանց լինել: Փորձել ես թռչե՞լ, — Կամիլայի աչքերը փայլեցին հետաքրքրությունից:

— Այն օրվանից, երբ իմացա,  որ թռչուն եմ… Դրա համար էլ երևի ճիշտ է, որ էջը չլինի, այդպես ավելի հեշտ է: Վազում ես ուղղակի՝ արագ, ավելի արա՜գ…

—  Այ հիմա ճիշտ ու ճիշտ մայրիկին նման խոսեցիր, — Կամիլան ծիծաղեց, հետո աչքերը երազկոտ վեր ուղղեց, — դո´ւ էլ երազում ես թռչել…

— Ես ամեն ինչ փորձել եմ, կարդացել եմ բոլոր, բոլոր գրքերը՝ մեռած թե կենդանի լեզուներով, եթե անգամ ամբողջ մի կյանք մարզվենք ՝արևածագից մայրամուտ և սնվենք միայն մարգարտածաղիկներով՝ չենք կարող մեր թևերով վեր բարձրանալ:

— Մի տարբերակ պիտի լինի չէ,՞ դու էլ ինձ պես դեռ հավատում ես:

— Հիմա ավելի, քան երբևէ, — ժպտաց մորաքույրը,- Արևը մայր է մտնում, վազիր տուն, մայրիկդ կանհանգստանա:

Կամիլան թևիկները հուզված թափահարեց և ոտքերում ինչքան ուժ կար՝ վազեց տուն…

Երազում մե՜ծ, շատ մե՜ծ տափարակ տեսավ, վազում էր, քամի կար: Ինքը երգում էր, բայց քամին երգը տողի կեսից պոկում, տանում էր վեր: Կամիլան էլ նայեց վեր. երկնքում մի մուգ կետ կար՝ սկզբում ամպիկի նմանեցրեց: Ամպ չէր: Մուգ կետն իջավ, իջա՜վ, գնալով մեծացավ, ու Կամիլան ճանաչեց մեծ աչքերով Բվին: Բուն թևերը տարածել էր օդում, բայց չէր թափահարում՝ ինչպես միշտ,  ինչ-որ բան էր բռնել, որ ծածանվում էր իրենից վեր՝ մեծ… Քամին ավելի ուժեղ փչեց ու Բուն  մի ակնթարթում անհետացավ տեսադաշտից:

Դպրոց վազելու ողջ ճանապարհին Կամիլան մտածում էր՝ մեկ՝ երազի մասին, մեկ՝ մորաքրոջ ասածի: Երգում էր, ինչպես միշտ: Բայց քամին պոկում էր երգը՝ տողի կեսից ու վեր տանում: Արմավենիների պուրակի մոտով անցնելիս վեր նայեց ու մի պահ քարացավ,  քամին տարուբերում էր արմավենու հսկա թևանման տերևները, թվում էր, ուր որ է արմավենին էլ կբարձրանա վեր ու կճախրի երկնքում: Կամիլան ուրախությունից վեր ցատկեց, բարձր ճիչ արձակեց, հետո հետ ընկավ, պառկեց հողերի մեջ ու հիացած նայում էր երկնքում արմավենու թևաբախյունին:

Քիչ մնաց դասից ուշանար:

Ամբողջ երեկոն Կամիլան անցկացրեց գրքեր թերթելով, ինչ-որ չափումներ էր անում, ողջ ընթացքում աչքերը փայլում էին ուրախությունից:

 Այդ օրվանից սկսած առաջվանից եռանդուն էր վազում, հիմա պարզապես վազել չէր, մարզվում էր, դասերից ազատ ժամերին էլ կամ գծագրեր էր անում, կամ կորչում էր կղզու անտառներում: Մայրը ոչինչ չէր ասում, առօրյա զբաղվածության մեջ նրան այն էլ էր գոհացնում, որ Կամիլան լավ է սովորում, ավելի արագ է սկսել վազել: Իսկ Կամիլյոն զբաղված էր  վազքի առաջիկա մրցաշարի կազմակերպչական հարցերով, որ իրեն էր վստահվել, որպես նախորդ տարվա լավագույն վազորդ: Կրտսեր քրոջ նոր հոբբին նրան նույնիսկ զվարճալի էր թվում:

 Ջայլամակղզու  վազքի ամենամյա մեծ մրցաշարի մեկնարկային օրն էլ հենց Կամիլան ավարտեց բոլոր նախապատրաստական աշխատանքները: Բոլորից արագ վազեց անցավ մեծ տափարակը, բայց եզրագիծը հատելու փոխարեն հանկարծ  կտրուկ փոխեց վազքի ուղղությունն ու միայնակ վազեց բոլորովին այլ ուղղությամբ: Քիչ անց անհետացավ բարձր թփերի հետևում:

 Հավաքված ջայլամներն այնքան էին զարմացել այս ամենից, որ եզրագիծը առաջինը հատող երիտասարդ ջայլամ Լեոին ուղղված ծափողջույնները ի միջի ալյոց և ցրված ստացվեցին: Փոխարենը հանկարծ ողջ տափարակը թնդաց ջայլամների հիացական կռինչներից ու թևաբախումներից: Մեկը մյուսին գլխով նշան արեցին ու սովորաբար հողերի մեջ քար որոնող, կամ ծանրությունից հոգնած գլուխները կախ՝ քուջուջ անող ջայլամների վզները միաժամանակ ձգվեցին վեր՝ դեպի երկինք:

 Վերևում  լայնատերև հսկա օդապարիկ էր, որ գետի կողմից քամին բերում էր ուղիղ դեպի տափարակ: Ջայլամների ձայնն այքան բարձր էր, որ գնաց հասավ գետից այն կողմ՝ մորաքույր Էմուին: Սիրտն անհանգիստ թփթփաց. «Արտառոց մի բան է կատարվում,  Կամիլա՜ն…»:   Մի քանի րոպեում նա  վազեց-հասավ գետին, վարանեց մի պահ, հետո երկար տարիներ անց առաջին անգամ կայծակնային արագությամբ հատեց գետն ու վազեց դեպի մեծ տափարակը:

 Օդապարիկը քամու թևին պտույտներ էր անում տափարակի վրա: Քամին հանկարծակի դադարեց և օդապարիկը մեծ արագությամբ ցած սուրաց:

Հաջորդ վայրկյանին մորաքույր Էմուն ու մայրիկը Կամիլայի մոտ էին ու նրան ազատում էին տերևային գերությունից: Կամիլան համարյա չէր երևում հսկա կանաչ ծածկոցի տակ:

Քանի-քանի՜ օդապարիկ էր Կամիլան գծագրել, փորձարկել, մինչև որ վերջապես կարողացել էր օդ հանել կղզու ամենամեծ տերևներից կարված հսկա օդապարիկը, մինչև որ քամին իր ուզած ուղությունն ու արագությունն ունեցավ այսօր:

Մայրիկը անձայն արտասվում էր, իսկ մորաքույր Էմուն կամացուկ ասաց.

-Ամենաիմաստուն ջայլամներն էլ երբեմն սխալվում են:

-Դու էլ ինձ պես հավատում էիր, չէ՞,- ժպտաց Կամիլան:

-Հիմա ավելի, քան երբևէ- մորաքույրը համբուրեց Կամիլային, զննեց  նրա ծնկները, որ տեղը տեղին վնասվել էին հարվածից:

Դժվար թե մոտակա ամիսներին կարողանաս շա՜տ արագ վազել, սիրելի օրիորդ, իսկ այ, թռչե՜լ…. հաջորդ անգամ՝ միայն երկուսով:

  Կամիլան այնքան  երջանիկ էր, որ համարյա ցավ չէր զգում:  

Այդ դեպքից հետո ջայլամների կյանքում շատ բան չփոխվեց գուցե. էլի վազում են, արագ, ավելի՜ արագ… Իմաստուն ջայլամները նոր թռչնագիր կազմեցին, որ  պահ տվեցին ամենատարեց Բաոբաբի փչակին, ինչին Բուն աչքերը դանդաղ ու ծանրակշիռ բացեց-փակեց, այսինքն՝ բարի՜: Բառարաններում ավելացվեց պակասող էջը, թեև  ջայլամներն այնքան զբաղված են մարզումներով, որ չեն էլ թերթում բառարանները: Բայց հիմա նրանց կրծքի տակ բաբախում է հպարտ թռչնի սիրտը, և ավազի մեջ քուջուջ անելիս մեկ էլ բարձրացնում են գլուխները, ձգում են վզները վեր, վե՜ր՝ դեպի երկինք և երազում են բաց աչքերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով