ՀԱՍԿԵՐ

Մի օր աշնանը

Մեր գյուղը գտնվում է Ծաղկունյաց լեռների լանջին՝ շրջապատված կապտավուն սարերով, սաղարթախիտ անտառներով, հուռթի ու արգավանդ դաշտերով: Այդ փոքրիկ դրախտավայրում ապրում են ամենաարդար ու ամենաազնիվ մարդիկ, որոնք օրնիբուն զբաղված են հանապազօրյա աշխատանքով: Մեր գյուղում երեկոներն ավելի հետաքրքիր են անցնում քան ցերեկները: Կեսօրվա հոգնատանջ աշխատանքից վերադարձած շինականները երեկոյան հավաքվում են գյուղամիջում ու աշխույժ զրուցում, իսկ երեխաները շրջապատը լցնում են ուրախ աղմուկով: Աշնանային մի զովաշունչ երեկո փողոցի տղաները սովորականի պես պահմտոցի էին խաղում: Արամն ու Տիգրանը որոշեցին թաքնվել հսկա դեզի ետևում: Երկար ժամանակ Հայկը փնտրում էր նրանց, բայց տղաները դուրս չէին գալիս իրենց թաքստոցից: Քանի որ երեկո էր, Արամը գրպանից հանեց լուցկին ու վառեց, իբրև ուզում էր Հայկին նշանացի հասկացնել իրենց տեղը: Լուցկու կայծից չոր խոտը բռնկվեց. տղաները վախեցած ետ քաշվեցին ու աչքերը չռած նայում էին ճարճատող կրակի բոցերին: Այդ օրը նրանք իրենց անմիտ արարքով այրեցին հայրիկի ու պապիկի չարչարանքը: Հաշված րոպեների ընթացքում հավաքվեց ողջ գյուղը՝ մեծից փոքր, բայց կրակը մարելու նրանց ջանքերն իզուր անցան. հսկա դեզը վերածվեց մոխրակույտի: Դեռ լավ է, որ քամի չկար, թե չէ կարող էր պտղատու այգին ու անասնագոմն էլ այրվեր: Համընդհանուր իրարանցման ու խառնաշփոթի մեջ հանկարծ լսվեց Վանո պապի ահեղագոչ ձայնը: Տղաներն իսկույն ամոթահար ու գլխահակ կանգնեցին ալեհեր պապի դատաստանի առաջ: Նրա կարմրակալած աչքերում երևում էր հոգու ողջ բարկությունը, թվում էր՝ խիստ կպատժի, գոնե կապտակի, բայց ի զարմանս բոլորի՝ նա միայն մատը թափ տվեց ու շուն-շանորդի ասելով՝ արագ հեռացավ: Արամը այդ օրը շատ ուշ տուն գնաց , երևի ամաչում էր նայել մեծերի աչքերին: Երբ ներս մտավ, կեսգիշեր էր, տանը բոլորը քնած էին, նկատեց խոհանոցի սեղանի սպիտակ սփռոցով փակած իր բաժին ընթրիքը, բայց խուսափեց մոտենալ, չնայած շատ քաղցած էր: Հոգու խորքում ուրախ էր, որ ոչ ոքի չհանդիպեց, զարմանալի էր, որ մայրիկն իրեն չէր սպասել, ախր նա ամեն ինչ ներում էր: Հետո արցունքոտ աչքերով փլվեց մահճակալին ու փակեց հոգնած կոպերը…

Շուշան Թաթարյան
Երևան, Լ․Միրիջանյանի անվան դպրոց, 4-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով