Ալվարդ Հովսեփյան, Մանկագրություն

Խոտորնակին՝ Խոտորնակ

Գայլը տեսավ Շեկ աղվեսին՝

 Ծղոտե մեծ քթոցն ուսին:

-Բարև, աղվե՜ս, էս ո՞ւր էդպես

Շնչակտուր, արագաքայլ:

-Հազա՜ր բարի, ի՛մ Գորշ եղբայր,

Շտապում եմ հարևան գյուղ՝

Բերեմ ալյուր, ձու, արդար յուղ,

Հալվա սարքեմ, գաթա, լոխում,

Անելու ենք մեծ կերուխում.

Ծնունդս է այս կիրակի,

Շնո՛րհ արեք դուք իմ հարկին:

Արջը և դու իմ թանկ հյուրն եք,

Գլխիս վրա միշտ տեղ ունեք:

-Շնորհակա՜լ ենք պատվի համար:

-Այն էլ ասեմ՝ վարձել եմ սայլ,

Որ բարձրանանք դիմացի սար,

Այս հեղձուցիչ ամռան տապին

Մեր քեֆն անենք լճի ափին:

Դու էլ, եղբա՛յր, որպես նվեր՝

Հոտից ոչխար փախցրու բեր:

Քավոր արջն էլ ինձ խոստացավ

Մոշի գինուց տալ մեկ տակառ:

Նվերները ձեր թանկանգին

Բերեք իմ տուն մինչ կիրակի:

-Անհո՜գ եղիր, քույրի՛կ աղվես,                    

Մեջքիդ կանգնած ենք սարի պես:

Շաբաթ՝ ծեգին, մի մեծ տակառ

Ծուռթաթ արջը դրած ուսին,

Գայլն էլ՝ պարարտ մի սև ոչխար,

Հասցրեցին Շեկ աղվեսին:   

Հաջորդ օրը մտան բաղնիք,

Սոճու յուղով անուշաբույր

Լավ օծվեցին, հագան մաքուր  

Ու գնացին աղվեսին հյուր:

Բայց ի՜նչ ծնունդ, քե՜ֆ-խրախճա՜նք,

Խորամանկի տան դուռն էր փակ:

Հանելո՞ւկ էր, թե՞ չար կատակ,

Փնթփնթացին քթների տակ,

Բայց ոտքերը կախ գցեցին,

Պատվի հարց էր, սպասեցին

«Հոբելյարի» վերադարձին:

Հենց բնի մոտ, ծառին հենված՝

Դարան մտան մինչ լուսաբաց…

 Այգն անցել էր, միջօրե էր,

 Երբ որ հեռվից առան ձայներ,

 Ինքն՝ աղվեսը՝ զվարթ, խնդուն.

Քեֆը՝ հազար, գալիս էր տուն:

Սայլը լի էր նվերներով՝

Ժապավենով կապված տուփեր՝

Մեկը մեկից ճոխ ու շքեղ:

Շեկը հեռվից տեսավ նրանց,

 Մոտեցավ ու հեզ կմկմաց.

-Ի՜նչ թաքցնեմ ձեզնից մեղքս,

Սպասեցինք, շատ ուշացաք,

Մենք-մերոնցով սար բարձրացանք,                  

Ների՜ր, քավո՛ր, ների՜ր, եղբա՛յր,

Սայլում ազատ տեղ էլ չկար:

Արջը մռայլ ասաց.-Ա ղվե՛ս,

Մեր աչքերին թոզ չփչես,

Հավատա՞նք քո բարբաջանքին, 

Հե՛տ բեր գինին ու սև մաքին:

-Էլ որտեղի՞ց բերեմ, քավո՛ր,

Սարում էն զով մի ամբողջ օր

Քեֆ ենք արել աղվեսներով:

Դուք էլ` որպես հյուր պատվական,

Կմասնակցեք հաջորդ անգամ:

-Համաձա՜յն ենք,- ասաց գայլը

Ու արջի հետ նստեց սայլը:

-Եկող տարի կգանք, աղվե՛ս,

Արդեն արջի ու գայլի պես,

Նվերներն այս կբերենք ետ

Թե կամենանք շփվել քեզ հետ:

Դու օղ արա քո ականջին,

 Հյուր ընդունիր ըստ  պատշաճի,

Մեկ էլ անես հիմար կատակ,

 Կընկնես մեր  բռունցքի տակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով